ՀԱՊԿ ղեկավարները քննարկել են Արցախում խաղաղապահ առաքելության երկարաձգման հարցը. Պեսկով

ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարները Երևանում կայացած գագաթաժողովում քննարկել են Արցախում խաղաղապահ առաքելության ժամկետի երկարաձգման հարցը։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Այդ թեման շոշափվել է շատ անկեղծ, շատ անմիջական, կառուցողական մթնոլորտում։ Վերջնականապես ամեն ինչ դեռ համաձայնեցված չէ, կան որոշ նրբերանգներ»,- ասել է Պեսկովը։

Նա ընդգծել է, որ «թեման դեռ օրակարգում է»։

Բանակցություններում քննարկված հարցերի թվում է եղել նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի հարցը։

ՌԴ նախագահի մամուլի քարտուղարն ասել է, որ ոչ ոք չի փորձում պայմանագրի ստորագրումը պայմանավորել տարվա ավարտով։

«Գլխավորն այն է, որ այն ստորագրվի»,– ասել է Պեսկովը։

«Կարևոր է, որ Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնության գան, բոլորը պետք է բոլոր ջանքերը գործադրեն՝ առանց միմյանց հետ մրցելու», – ասել է Պեսկովը։

ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը կարծիք է հայտնել, որ Հայաստանը կմնա ՀԱՊԿ-ում, չնայած այն հանգամանքին, որ ամեն ինչ չէ, որ հաջողվել է համաձայնեցնել երևանյան գագաթնաժողովում։