ԱՄՆ-ն ամեն ինչ անում է, որպեսզի ռուսական արջի գլուխը գլխացավից պայթի

Բայց աննախանձելի կլինի վիճակը նրա, ով գործ կունենա միջուկային ժանիքներով գազազած արջի հետ

 

Միացյալ Նահանգներն ամեն ինչ անում է, որպեսզի ռուսական արջի գլուխը գլխացավից պայթի, չիմանա որ կողմը վազի, ինչ անի, որտեղ պատերազմի հրդեհը հանգցնի կամ փորձի հանգցնել, որտեղ կանխի այդ հրդեհը, ում օգնության հասնի, որտեղ պատերազմի մեջ խրվի…

ԱՄՆ-ն իր առջև խնդիր է դրել «պայթեցնել» մեր տարածաշրջանը, ընդ որում, ոչ միայն աշխարհագրորեն նեղ (Հայաստան, Արցախ, Ադրբեջան), այլև լայն շրջանակում (Իրան, Թուրքիա, Սիրիա), որպեսզի առաջին դեպքում Թուրքիայի և Ռուսաստանի, իսկ Սիրիայի պարագայում Ռուսաստանի և Թուրքիայի միջև պատերազմի հասնելով, ՌԴ-ին ռամավարական պարտության մատնի, հասնի Պուտինի ու նրա վարչակարգի տապալմանը, ավելին` Ռուսաստանի, որպես պետություն, կործանմանը:

Նոյեմբերի 13-ին Ստամբուլի կենտրոնում գտնվող հետիոտնային փողոցներից մեկում՝ Իսթիքլյալ ճեմափողոցում, ինչպես արդեն հայտնի է, պայթյուն է որոտացել, որի հետևանքով զոհվել է վեց մարդ, 81-ը` վիրավորվել: Ենթադրությունը, որ Ստամբուլի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի (ահաբեկչության) ետևում կարող է կանգնած լինել ԱՄՆ-ը, որպեսզի Թուրքիային Սիրիայի հյուսիսում հատուցման, ինչպես նաև արդեն իսկ իր զբաղեցրած տարածքներն ընդլայնելու լայնածավալ ռազմական գործողություններ սկսելու առիթ տրվի, կարճ ժամանակից ստացավ իր հաստատումը: Իհարկե, այս ամենն ինքնանպատակ չէ…

ԱՄՆ-ի հեռահար հաշվարկի էությունը հետևյալն է. Սիրիայի հյուսիսում Թուրքիայի լայնածավալ, ընդ որում, ոչ միայն օդային, այլև ցամաքային ռազմական գործողությունների պարագայում, ինչով Էրդողանն արդեն սպառնացել է, Թուրքիայի զինված ուժերի և քրդական կազմավորումների միջև պատերազմում կարող է ներգրավվել նաև իր երկրի առանց այն էլ խախտված ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը պաշտպանել փորձող Սիրիական բանակը, դրանով թուրք- քրդական պատերազմը կարող է վերաճել թուրք- սիրիական պատերազմի, իսկ հետո նաև Սիրիային օգնելու, ավելի ճիշտ, իր դաշնակցին փրկելու համար այդ պատերազմին միջամտած Ռուսաստանի և Թուրքիայի միջև պատերազմի Սիրիայի տարածքում…

ԱՄՆ-ի նպատակը ՌԴ զինված ուժերը վերոնշյալ հնարավոր հակամարտության մեջ ներքաշելն է` Ռուսաստանի համար նոր ճակատ բացելու հեռահար նպատակով, ընդ որում, եթե Ադրբեջանն այստեղ պատերազմ սկսի, Ռուսաստանը հարկադրված ներգրավվի ադրբեջանա- թուրքական տանդեմի դեմ այդ պատերազմում, Սիրիայի տարածքում պատերազմը ՌԴ-ի համար կլինի երրորդ ճակատը:

Թե Միացյալ Նահանգներին կկարողանա՞ կամ որքանո՞վ կկարողանա իրականություն դարձնել իր այս սցենարը, Ռուսաստանին կհաջողվի՞ զսպել Թուրքիային, քրդերին ու Սիրիային, խուսափել նոր ու մեծ պատերազմից, ցույց կտա ժամանակը: Համենայն դեպս, այս պահին առկա բոլոր փաստերը վկայում են ՌԴ ղեկավարության խիստ անհանգստացած լինելու, կողմերին զսպվածության կոչեր անելու և այդ պատերազմը կանխելու փորձերի մասին:

Հիմա անդրադառնանք փաստերին. ինչպես պարզվել է, Ստամբուլում ահաբեկչության մեջ կասկածվող ու կալանավորված երիտասարդ քրդուհին` l999թ. ծնված Սիրիայի քաղաքացի Ահլամ Ալբաշիրը, պատրաստվել է ԱՄՆ զինվորականների կողմից որպես հատուկ հետախուզության սպա:

Ըստ Թուրքիայի ոստիկանության, Ահլամ Ալբաշիրը պատմել է «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK), ինչպես նաև քրդական «Ժողովրդական ինքապաշտպանության ջոկատ»-ի (YPG) և «Սիրիայի դեմոկրատական ուժեր»-ի (SDF) ղեկավարների վստահելի անձանց հետ իր շփումների մասին, խոստովանել, որ կապ է ունեցել PKK-ի սիրիական մասնաճյուղի հետ:

Ընդգծենք, որ Թուրքիայի ոստիկանության համար ամենևին դժվար չէր երիտասարդ աղջկան ստիպելը, որ հանդես գա տվյալ հայտարարությամբ։ Ի վերջո, ԱՄՆ զինվորականների կողմից որպես հատուկ հետախուզության սպա պատրաստված Ալբաշիրն իսկապես կարող էր կապեր ունենալ PKK-ի, YPG-ի և SDF-ի հետ, բայց ահաբեկչությունն իրականացրած լինել ոչ թե նրանց, այլ ԱՄՆ հատուկ ծառայությունների պատվերով, միգուցե նախապես նրանցից երաշխիք ունենալով, որ բանտից կարճ ժամանակից գաղտնի կերպով ազատ է արձակվելու:

Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը նոյեմբերի 14-ին հայտարարել է, որ Անկարային հայտնի են Ստամբուլում ահաբեկչության համակարգողները:

«Մենք գիտենք որտեղ է համակարգվել հարձակումը,- ասել է Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն:- Մենք ստացել ենք մեզ տրված ուղերձը և գիտենք այդ ինչ ուղերձ է: Մենք չենք ընդունում ամերիկյան դեսպանատան ցավակցությունը»:

Թուրքիան այսպիսով, կարծում ենք, հասկացրել է, որ ահաբեկչության ետևում ԱՄՆ-ն է կանգնած, իրեն դա արդեն հայտնի է, միաժամանակ իրեն հայտնի է, որ ահաբեկչությունը Թուրքիային ուղղված ուղերձ է, և Թուրքիան գիտե այդ ուղերձի բովանդակությունը:

Իսկ ուղերձի բովանդակությունն այն էր, որ Թուրքիան պետք է տրված առիթն օգտագործեր, ահաբեկչությունն առիթ դարձներ` «Քրդստանի աշխատավորական կուսակցությանը» (PKK) Ստամբուլում կատարված ահաբեկչության մեջ մեղադրելու և Սիրիայում ապրող քրդերին, քրդական կազմավորումներին (այսինքն` Սիրիայի տարածքին) ավիահարվածներ հասցնելու, հետո ցամաքային ռազմագործողություններ սկսելու ու դրանք պատերազմի վերածելու համար:

Հենց այդպես էլ եղավ` Թուրքիան անցավ իրեն փոխանցված ուղերձի իրականացմանը. թեև PKK-ն հերքել է իր առնչությունն ահաբեկչությանը, հայտարարել` բացառված է, որ իր անդամները որևէ կերպ հարձակվեն խաղաղ բնակչության վրա, բայց Թուրքիայի համար նշված հերքումը կարևոր չէ, Թուրքիայի ռազմաօդային ուժերը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրամանով նոյեմբերի 19-ի երեկոյան և 20-ի գիշերը զանգվածային ավիահարվածներ են հասցրել Սիրիայում և Իրաքում քրդերի վերահսկողության տակ գտնվող տարածքներին, քրդական կազմավորումներին:

«Ճանկեր-սուր» ռազմագործողությանը մասնակցել են Թուրքիայի ՌՕՈւ-ի 50 կործանիչ- ռմբակոծիչ և 20 ԱԹՍ: Ըստ Թուրքիայի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության, ավիահարվածների հետևանքով ոչնչացվել է 89 թիրախ, Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հայտարարել է նշված գործողության արդյունքում 184 քուրդ զինյալի ոչնչացման մասին։

Ինչպես սպասվում էր, քրդերի պատասխանը չի ուշացել. РБК-ի փոխանցմամբ, Սիրիայի հյուսիսից արձակված հինգ հրթիռ հարվածել է Թուրքիայի Քարքամիշ քաղաքին, 3 հոգի զոհվել է, 6-ը` վիրավորվել: Ըստ «Haberturk»-ի, հրթիռներն արձակել են քրդական YPG-ն ու PKK-ն: Հավելենք, որ SDF-ի հրամանատարությունն էլ դատապարտել է թուրքական ավիացիայի հարձակումները և սպառնացել` «Քուրդ մարտիկներն անպատասխան չեն թողնի այս ագրեսիվ հարձակումը և կհարվածեն թուրքական զորքերին ճիշտ վայրում, ճիշտ ժամանակին»։

Այս ամենը նշանակում է, որ հակամարտությունը կարող է թեժանալ և, ինչպես «Al Arabiya»-ն էր ավելի վաղ զգուշացրել է, վերածվել երկարատև պատերազմի: Էրդողանը երեկ հայտարարել է, որ գործողությունը չի սահմանափակվելու միայն օդային հարվածներով, և որ պաշտպանության նախարարությունն ու գլխավոր շտաբը դիտարկում են, թե ցամաքային ուժերի որ զորակազմը պետք է գործի դրվի:

 

Շարունակելի

Արթուր Հովհաննիսյան