Օդանավակայանում Պուտինին դիմավորել է Փաշինյանը

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը ժամանել է Երևան, որտեղ կմասնակցի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Հավաքական անվտանգության խորհրդի (ՀԱԽ) նստաշրջանին, որը կանցկացվի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ։

Օդանավակայանում Վլադիմիր Պուտինին դիմավորել է Նիկոլ Փաշինյանը։

Նոյեմբերի 23-ին ՀԱՊԿ գագաթնաժողովի շրջանակներում նախատեսված է Վլադիմիր Պուտինի և Նիկոլ Փաշինյանի հանդիպումը։

ՀԱԽ նստաշրջանին կմասնակցեն Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, Ղրղըզստանի նախագահ Սադիր Ժապարովը և Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը։ Հանդիպմանը կմասնակցի ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը։

ՀԱԽ անդամները կքննարկեն միջազգային և տարածաշրջանային անվտանգության արդիական հարցերը և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գործունեության հիմնական արդյունքները միջխորհրդարանական շրջանում: Ամենակարևոր հարցերից մեկը կլինի ՀԱՊԿ ճգնաժամային արձագանքման համակարգի կատարելագործումը և Հայաստանին օգնություն տրամադրելու համատեղ միջոցառումների քննարկումը։

ՀԱԽ նստաշրջանի ընթացքում նախատեսվում է Հավաքական անվտանգության խորհրդի հռչակագրի ընդունում։

Հաշվի առնելով ՀԱՊԿ-ում 2022-2023 թթ. նախագահության անցումը Բելառուսին՝ նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կներկայացնի երկրի առաջնահերթությունները, որոնք պետք է իրականացվեն հաջորդ տարի։

ՀԱԽ առաջիկա նիստի օրակարգում ընդգրկված են ստորագրման մի շարք փաստաթղթեր, որոնք վերաբերում են խաղաղապահ ուժերին ժամանակակից սպառազինությամբ, ռազմական և հատուկ տեխնիկայով զինելուն, ՀԱՊԿ-ին ռադիացիոն, քիմիական ու կենսաբանական պաշտպանության և բժշկական աջակցության համատեղ ձևավորմանը, ինչպես նաև «Наëмник» օպերատիվ-կանխարգելիչ միջոցառումների համալիրին տարածաշրջանային հակաահաբեկչական գործողության կարգավիճակ տալը։ Կքննարկվի ՀԱՊԿ 2023 թվականի բյուջեն։

Առաջիկա ռոտացիայի հետ կապված՝ 2023 թվականի հունվարի 1-ից Հավաքական անվտանգության խորհուրդը կքննարկի կազմակերպության գլխավոր քարտուղարի հարցը։