Բագրատ Սրբազանի առաջնորդած Շարժումը Սևանի թերակղզուց շարունակում է երթը դեպի Երևան

Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանի առաջնորդած Շարժումն այսօր շարունակում է երթը դեպի Երևան: Մեկնարկը՝ Սևանի թերակզու խաչմերուկից: Ժամը 18:00-ին քայլերթը կհասնի Կոտայքի մարզի Սոլակ գյուղ:

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ մայիսի չորսի կեսօրից Կիրանցից քայլերթով շարժվել են Երևան։ Նրանք Երևան կհասնեն մայիսի 9-ին։

Հիշեցնենք, որ Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հարցերով հանձնաժողովներն ապրիլի 19-ին պայմանավորվել են սահմանազատումը սկսել Տավուշի մարզից։ Սահմանագծի տվյալ հատվածների նկարագրությունը կազմվելու է` հաշվի առնելով տեղանքում գեոդեզիական չափումների արդյունքում կատարված կոորդինատների հստակեցումը, որը պետք է ավարտվի մինչև 2024 թ. մայիսի 15-ը:

ՀՀ վարչապետի աշխատակազմը հայտարարել է, որ Ադրբեջանն այս ամենի արդյունքում 2.5 գյուղ է ստանում, իսկ Հայաստանի Հանրապետությունը` անվտանգային ռիսկերի նվազեցում։ Կիրանց գյուղի հատվածում ճանապարհի մի քանի հարյուր մետրանոց հատվածի փոփոխություն կարվի, իսկ Ոսկեպարը ճանապարհի խնդիր չի ունենա։ Սահմանազատումից հետո չորս գյուղերի հատվածում զինված ուժերը հետ կքաշվեն և իրենց տեղը կզիջեն սահմանապահ զորքերին:

Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչներն ապրիլի 19-ից ակցիաներ են անում Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհին։ Նրանք դեմ են սահմանազատման այն տարբերակին, որը համաձայնեցրել են Երևանն ու Բաքուն։

«Միակողմանի զիջումների այս աղետալի ընթացքը վերջ ու սահման չունի. հյուսիսից հարավ մենք մեծ, անհասկանալի արյունահոսության գործընթացքում ենք գտնվում։ Այս գործընթացը պետք է դադարեցվի»,- քայլերթից առաջ հայտարարել էր Բագրատ Սրբազանը։

Երեկ նա հայտարարել է, որ սա պարզ ազգային, հոգևոր ընկալումներով ապրող, հայրենիք ունեցող մարդկանց շարժում է, չունի որևէ տեսակի և կերպի, որևէ կուսակցության կամ կազմակերպության գունավորում:

Լուսանկարը՝ Դավիթ Ղահրամանյանի