Իրանի, Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի միջև էլեկտրաէներգիայի փոխանակումը շուտով կիրականացվի. էներգետիկայի նախարար

Իրանի էներգետիկայի նախարարը հայտարարել է, որ մոտ ապագայում Իրանի, Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի միջև էլեկտրաէներգիայի փոխանակում կիրականացվի: Այս մասին գրում է ParsToday-ը:

ԻՌՆԱ լրատվական գործակալության հաղորդման համաձայն, կիրակի օրը, Էլեկտրաարդյունաբերության 22-րդ միջազգային ցուցահանդեսի բացման արարողության ժամանակ Իրանի Էներգետիկայի նախարար՝ Ալի Աքբար Մեհրաբյանն ասաց.«Իրականացվել է Իրանի և Ռուսաստանի էլեկտրացանցերի համաժամացումը և շուտով կիրականացվեն Իրանի, Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի միջև էլեկտրացանցերի ընդհանուր համաժամացման տեխնիկական միջոցառումներ»:

Մեհրաբյանն ասել է. «Փոխանակման հարցը հարևան երկրների հետ Իրանի էլեկտրաէներգիայի արդյունաբերության հիմնական ծրագրերից է, և երբ Իրանին անհրաժեշտ է, նա էլեկտրաէներգիա է ներկրում տարբեր երկրներից, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետությունից, Ադրբեջանից, Թուրքմենստանից, իսկ երբ ավելցուկ է ունենում, այն արտահանում է այդ էներգիայի կարիքն ունեցող երկրներ»:

Նոյեմբերի 20-23-ը Թեհրանի միջազգային ցուցահանդեսների մշտական ​​վայրի 11 ցուցասրահներում չորս օրով կայանում է Իրանի էլեկտրաարդյունաբերության 22-րդ միջազգային ցուցահանդեսը։
Ցուցահանդեսին ներկա են 350 տեղական ընկերություններ և 22 արտասահմանյան ընկերությունների ներկայացուցիչներ 9 երկրներից, այդ թվում՝ Չինաստանից, Թուրքիայից, Իտալիայից, Գերմանիայից, Ֆինլանդիայից, Ճապոնիայից, Հարավային Կորեայից, Իսպանիայից և Չեխիայից։