Թուրքական ՌՕՈՒ-ն գրոհել է Հալեպի նահանգի սիրիական քրդերի դեմ

Թուրքական ՌՕՈՒ-ի ինքնաթիռները հարվածներ են հասցրել Հալեպի հյուսիս-արևմուտքում գտնվող Շեյխ Իսա բնակավայրի քուրդ մարտիկներին, կիրակի տեղեկացրել էր Firat News Agency-ն։ Գործակալության տեղեկացմամբ՝ օդային գրոհը շարունակվել է գիշերվա ժամերին և ընդգրկել հարևան Էշ Շեհբա շրջանը, քրդական ջոկատների շարքերում կորուստների մասին տեղեկություններ չեն նշվել։

Ռմբակոծման և գնդակոծման է ենթարկվել Այն-էլ-Արաբը (քրդերեն անվանումը՝ Քոբանի), որը գտնվում է Եփրատի արևելյան ափին, Հալեպ նահանգի կենտրոնից 150 կիլոմետր հեռու։ Կրկին գնդակոծվել են սիրիական զինծառայողների դիրքերը Աշմե գյուղում։

Քրդական «Դեմոկրատական Սիրիայի ուժերի» (ԴՍՈՒ) հրամանատարության պաշտոնական ներկայացուցիչ Ֆերհաթ Շամին նոյեմբերի 20-ին Firat News Agency գործակալությանն ասել էր կառավարական զորքերի ստորաբաժանումների 15 զինվորի մահվան մասին, որոնք հունիսին ուղարկվել էին Սիրիայի հյուսիս՝ Թուրքիայի հավանական ներխուժումը հետ մղելու համար։ ԴՍՈւ-ն կրել է վնասներ՝ 35 սպանված և վիրավոր։

Գործակալության տվյալներով՝ քրդերը նախաձեռնել են առնվազն երկու զինված հարձակում՝ ի պատասխան թուրքական ավիացիայի կենտրոնացված ռմբակոծումների։ Նրանք ականանետներից կրակ են բացել սահմանամերձ Կարկամիշ շրջանի (Գազիանթեփ նահանգ) և «Օնջուփընար» անցակետի ուղղությամբ։ Կրակը վարվել է սիրիական Թել Ռիֆաաթ տարածքից, վիրավորվել է ութ մարդ։

Սիրիայի հյուսիս-արևելքում, Հասեկե նահանգում, թուրքական հրետանին նոյեմբերի 21-ի գիշերը գնդակոծել է քրդական Թել Լաբան և Էլ Կուզեյլիա գյուղերը, որոնք գտնվում են М4 ռազմավարական մայրուղու մոտ, որն իրար է կապում Սիրիայի արևմտյան և արևելյան շրջանները։

Թուրքիայի պաշտպանության նախարարությունը տեղեկացրել է, որ նոյեմբերի 20-ի գիշերը Իրաքի և Սիրիայի հյուսիսում օդային գրոհի հետևանքով ոչնչացվել է 89 թիրախ։ Գերատեսչության տվյալներով՝ հարվածները հասցվել են  Թուրքիայում արգլված Քրդական աշխատավորական կուսակցության և սիրիական քրդերի կազմավորումների տեղակայման վայրերին։