Ի՞նչ է ենթադրում Հայաստան-Ադրբեջան շրջանակային համաձայնագիրը. ԱԳ փոխնախարարի պարզաբանումը

Հայաստանի և Ադրբեջանի միջև ենթադրյալ շրջանակային համաձայնագիրը այն սկզբունքների հավաքածուն է, որոնց վրա պետք է կառուցվեն երկու երկրների հարաբերությունները։ Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 17-ին, լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ԱԳ փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը։

«Այն ընդգրկում է տարածքային ամբողջականության ճանաչում այն ձևաչափով, որով 2 երկրները ճանաչել են իրենց անկախությունը և տարածքային ամբողջականությունը Ալմաթիի արձանագրության և հռչակագրի հիման վրա: Պրահայում դրա շուրջ հաջողվեց հասնել ինչ-որ համաձայնության՝ շարունակել բանակցություններն այդ սկզբունքի հենքի վրա: Փաստաթուղթը կազմված է ՄԱԿ-ի կանոնադրության, Ալմաթիի փաստաթղթերի և այն փաստաթղթերի վրա, որոնք Հայաստանը և Ադրբեջանը ընդունել են։

Մենք երբեք տարածքային ամբողջականությունը ճանաչելու հարցը չենք կապել Լեռնային Ղարաբաղի ապագայի հետ: Մենք այդ խնդիրը երբեք չենք դիտարկել որպես տարածքային պահանջատիրության հարց: Խոսքը վերաբերում էր նույն ձևով մարդու իրավունքների, անվտանգության, ապրելու իրավունքին և այլն: Մենք նախկինում ունեինք միայն ԼՂ հիմնահարց, հիմա ունենք Հայսատանի տարածքային ամբողջականության խնդիրը»,- ասաց Հովհաննիսյանը։

Հիշեցնենք` նոյեմբերի 16-ին Փաշինյանը Ազգային ժողովում հայտարարեց, որ Հայաստանի Հանրապետությունը Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու վերաբերյալ երկու մոտեցում ունի` դետալացված և շրջանակային համաձայնագրի մոդել։