Անկարևոր գործերին մեր գնալու կարիքը չկա: Օքե՞յ. Էրդողանը՝ ՆԱՏՕ-ի անդամ երկրների ղեկավարների խորհրդակցության մասին

Ինդոնեզիայում անցկացվող Մեծ քսանյակի (G20) գագաթնաժողովին մասնակցող Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պատասխանել է լրագրողների հարցերին: Այս մասին գրում  է «Էրմանիհաբերը»:

Նրանցից մեկն Էրդողանից հետաքրքրվել է, թե ինչու ինքը չի հրավիրվել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կազմակերպած ՆԱՏՕ-ի անդամ երկրների ղեկավարների խորհրդակցությանը:

Նշենք, որ տվյալ խորհրդակցությունը հրավիրվել է նոյեմբերի 15-ին Լեհաստանի տարածքում ընկած հրթիռների պատկանելիությունը պարզելու ու ՆԱՏՕ-ի կողմից համապատասխան արձագանք տալու կապակցությամբ:

Թուրքիայի նախագահը, լրագրողի հարցին ի պատասխան, նրան խորհուրդ է տվել գնալ և դաշինքի անդամ մյուս 20 երկրներին ևս տալ այդ նույն հարցը, քանի որ խորհրդակցությանը մասնակցել է ընդամենը 6 երկրի ղեկավար:

Ըստ Էրդողանի՝ այնքան էլ կարևոր խորհրդակցություն չի եղել, քանի որ նպատակը եղել որոշելու հրթիռի տեսակը՝ ավելացնելով, որ Բայդենն արդեն հայտարարել է, որ հրթիռը ռուսական չի եղել:

«Դա մի կարևոր բան չէր։ Մեզ ավելի կարևոր գործերի համար են կանչում: Անկարևոր գործերին մեր գնալու կարիքը չկա: Օքե՞յ»,- եզրափակել է Էրդողանը: