ԱԺ-ն ստացել է Ալեն Սիմոնյանի ելույթի վերաբերյալ Մատվիենկոյի գրությունը

ՀՀ Ազգային ժողովը ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի գրությունը։ Այս մասին հայտնել է ԱԺ նախագահի մամուլի խոսնակ Նելլի Ղուլյանը, սակայն բովանդակության մասին չի նշել:

Հիշեցնենք, որ ապրիլի 24-ին ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն հանձնարարել է հարցում ուղարկել Հայաստանի խորհրդարան՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հակառուսական հայտարարությունների վերաբերյալ։

Ելույթ ունենալով ԵՄ երկրների խորհրդարանների նախագահների համաժողովում՝ Սիմոնյանը մասնավորապես հայտարարել էր, որ հաշվի առնելով այն հանգամանքը, որ «համաժողովի ուշադրության կենտրոնում Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա և մերձավորարևելյան հակամարտությունն է»՝ ինքը ցանկանում է հաստատել, որ Հայաստանը «վճռականորեն պաշտպանում է Ուկրաինայի, ինչպես նաև Մոլդովայի, Վրաստանի, Կիպրոսի և բոլոր երկրների տարածքային ամբողջականությունը»։

«Ես ուզում եմ իմ գործընկերոջը՝ Հայաստանի խորհրդարանի նախագահին, հարց ուղղել՝ ո՞ւմ անունից է նա նման հայտարարություններ հնչեցրել։ Իհարկե ոչ հայ ժողովրդի անունից, որի հետ Ռուսաստանը դարավոր բարեկամություն ունի։ Մենք չենք կարող անտեսել նման ռուսատյաց ելույթները։ Ես գրավոր հարցում կուղարկեի Հայաստանի խորհրդարանին՝ հարցնելու, թե ում անունից է նա խոսել և արդյո՞ք Հայաստանի խորհրդարանը համաձայն է այդ հանդիպման ժամանակ հնչած գնահատականներին»,- ասել էր ՌԴ Դաշնային խորհրդի նախագահը։

Ավելի ուշ Ալեն Սիմոնյանը պատասխանել էր Մատվիենկոյին, նշելով. «Հայ ժողովրդի և ռուսաց ժողովրդի բարեկամության մասին է խոսում ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության հետ կապված անգամ մեկ նախադասությամբ որևիցե անդրադարձ չանելով: Ուզում եմ հասկանալ՝ ուժերը մեզ վրա՞ է պատում, չէ, խնդիրն այն է, որ իրենք չեն ընկալում, որ ՀՀ-ն պետք է գործի որպես անկախ պետություն, իրենք չեն ընկալում, որ ՀՀ-ն անկախ պետություն է, իրենց ընկալման մեջ մենք ծայրագավառ ենք, ինչն է իրենց նեռվայնացրե՞լ: Թող հարցումը գա, տեսնենք՝ ինչ են գրել»: