Ռուսական դիվանագիտության մեծ սխալը, մեր դաշնակիցը` ծուղակում. 2

Սկիզբը` այստեղ

Ուկրաինան, դատելով ամենից, չի հրաժարվել զանգվածային ոչնչացման զենք հանդիսացող «կեղտոտ ռումբ» (ռադիոլոգիական զենք) պայթեցնելու և միջուկային այդ զինատեսակի կիրառումը, ԱՄՆ-ի ու նրա գլխավորած հավաքական Արևմուտքի հետ միասին, Ռուսաստանին վերագրելու իր պլաններից:

Վերոնշյալի մասին է հուշում նաև ԱՄՆ-ի խամաճիկ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի` օրերս արած հայտարարությունը` Ուկրաինայում միջուկային զենքի կիրառումն անընդունելի է, Ռուսաստանը պետք է բացառի դա: Եվ սա` այն դեպքում, երբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ավելի վաղ հայտարարել էր, որ Ռուսաստանին պետք չէ Ուկրաինային միջուկային հարված հասցնել, քանի որ դա քաղաքական և ռազմական առումներով իմաստ չունի։

Այլ խնդիր, եթե Ուկրաինան ինքը Ռուսաստանի նկատմամբ կիրառի զանգվածային ոչնչացման որևէ զինատեսակ, օրինակ, կենսաբանական զենք կամ «կեղտոտ ռումբ», կամ վտանգ սպառնա ՌԴ-ի, որպես պետության, գոյությանը: Այդ դեպքում Ռուսաստանը, իր միջուկային դոկտրինի համաձայն, իրավունք կունենա և, ամենայն հավանականությամբ, Ուկրաինայի զինված ուժերի նկատմամբ կկիրառի մարտավարական միջուկային զենք: Բայց այժմ նման իրավիճակ չկա, մինչդեռ Գերմանիայի ղեկավարը հայտարարում է, որ Ուկրաինայում միջուկային զենքի կիրառումն անընդունելի է, Ռուսաստանը պետք է բացառի դա:

Իհարկե, միջուկային զենքի կիրառումն անթույլատրելի է, բայց Գերմանիայի կանցլերը չի ասում, որ Ուկրաինան պետք է բացառի դա, կամ գոնե` Ուկրաինան նույնպես պետք է բացառի դա: Սա է ուշագրավը ու, միաժամանակ, հուշողը, որ Ուկրաինայի կողմից, ըստ ՌԴ ՊՆ-ի, «կեղտոտ ռումբի» նախատեսված կիրառումն այդ երկրի ու նրա ետևում կանգնած Արևմուտքի կողմից որոշակի նպատակներով վերագրվելու է Ռուսաստանին:

«Սա (միջուկային զենքի օգտագործումը) կլինի այն սահմանագիծը, որը չպետք է հատել»,- ասել է Շոլցը Բեռլինում, Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական ​​կուսակցության համագումարում:

Ավելի վաղ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի առաջին կոմիտեի նիստում ռուսական պատվիրակության ղեկավարի տեղակալ Կոնստանտին Վորոնցովը հայտարարել էր. «ԱՄՆ պատվիրակությունը միայն հաստատեց մեր նախազգուշացումը, որ կխաղարկվի մի սցենար, երբ Կիևի վարչակարգի սադրանքից հետո, որի մասին մենք ամենավստահելի տեղեկություններն ունենք, հենց Ռուսաստանը կմեղադրվի զանգվածային ոչնչացման զենք կիրառելու մեջ»:

«Կեղտոտ ռումբի» հնարավոր կիրառման ռիսկն ավելի է մեծանում այն բանից հետո, երբ Ուկրաինայի կողմից այդ ռումբի ստեղծման, կիրառման և այն Ռուսաստանին վերագրելու մտադրության մասին ՌԴ ռազմաքաղաքական ղեկավարության հայտարարություններից հետո Կիևը հերքեց դրանք, ապա ռուսական կողմի նշած միջուկային օբյեկտներ հրավիրեց Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) փորձագետներին, որոնք էլ հետո հայտարարեցին, որ այնտեղ միջուկային չհայտարարված գործունեության նշաններ չեն հայտնաբերել, ավելի ճիշտ, իր տեսուչների եզրակացության հիման վրա ՄԱԳԱՏԷ-ն հենց ինքը հանդես եկավ նշված հայտարարությամբ:

Ինչպես նշել ենք հոդվածի նախորդած մասում, Ռուսաստանը կարճ ժամանակ ուներ` նախապես հայտարարելու, որ բավարար հիմքեր ունենալով, չի վստահում ՄԱԳԱՏԷ-ի անաչառությանը, հետևաբար «կեղտոտ ռումբի» ստեղծմամբ զբաղված Ուկրաինայի միջուկային օբյեկտներում Կիևի հրավերով ՄԱԳԱՏԷ-ի տեսուչների կատարած ուսումնասիրությունների արդյունքներն արժանահավատ չի համարելու, չի ընդունելու նրանց եզրակացությունը: Ցավոք, այդ ժամկետը, մինչ վերոնշյալ եզրակացության ի հայտ գալը, Ռուսաստանը բաց թողեց ու հիմա հայտնվել է ծուղակում, շատ վտանգավոր իրավիճակում:

Իսկ Ռուսաստանի ունեցած ի՞նչ հիմքերի մասին է խոսքը… Առաջին հերթին` Ուկրաինայի զինված ուժերի կողմից Զապարոժիեի ԱԷԿ-ին արդեն ամիսներ շարունակ հասցվող հրթիռային ու հրետանային հարվածների, դիվերսիաների ու դրանց փորձերի նկատմամբ ՄԱԳԱՏԷ- ի և անձամբ նրա գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիի առավել քան խայտառակ վերաբերմունքի, համապատասխան հայտարարությամբ հանդես չգալու,համապատասխան գործողություններ չկատարելու… Մինչդեռ, Զապարոժիեի ատոմակայանում վերոնշյալ հարվածների, դիվերսիաների հետևանքով մի օր կարող է միջուկային աղետ լինել` Չեռնոբիլի ԱԷԿ-ի աղետի նման կամ նույնիսկ ավելի մեծ: Այն, որ Զապարոժիեի ԱԷԿ-ում մինչև հիմա բարեբախտությամբ չի եղել միջուկային աղետ, երաշխիք չէ, որ այդպիսի աղետ չի լինի առաջիկայում:

Հավանաբար շատերը կհիշեն, որ ՄԱԳԱՏԷ-ն համեմատաբար վերջերս իր առաքելությունը գործուղեց Զապարոժիեի ԱԷԿ, պատվիրակությունը ղեկավարում անձամբ Գրոսին: Եկան, տեսան, երկու հոգու թողեցին այնտեղ, գնացին ու մինչև օրս որևէ հայտարարություն չարեցին, որ Ուկրաինան իր գործողություններով միջուկային աղետի վտանգ է ստեղծում, դրանք դադարեցնելու ոչ մի պահանջ չներկայացրեցին, նախընտրեցին կեղծավոր քաղաքականություն վարել. ընդունեցին, որ ԱԷԿ-ի վրա կրակում են, դա վտանգավոր է, բայց ձևացրեցին, թե չգիտեն իրականում որ կողմն է կրակողը (կարծես թե ռուսական կողմն էլ կարող էր կրակել` տրամաբանությունից դուրս անհեթեթություն): Որ ուզենային, այսօրվա տեխնիկական միջոցների (ԱԹՍ-ներ և այլն) պայմաններում չէի՞ն կարող պարզել…

Կամ` դժվա՞ր է, արդյոք, պատկերացնել, թե ինչ կանեին ՄԱԳԱՏԷ-ն ու նրա գլխավոր տնօրենը, եթե Ռուսաստանն ամեն շաբաթ հրթիռային ու հրետանային հարվածներ հասցներ Ուկրաինայի ատոմակայաններից որևէ մեկին…

Երկրորդ. ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը հոկտեմբերի 28-ին ելույթ ունենալով Վաշինգտոնի Քարնեգի հիմնադրամում կայացած համաժողովում, հայտարարել է, որ Միացյալ Նահանգները Ռուսաստանի պատճառով կորցրել է իր գերակայությունը միջուկային ռեակտորների համաշխարհային առևտրի շուկաներում:

«Կարծում եմ, սա մարտահրավեր է Ամերիկայի համար,- ասել է Գրոսին՝ մեկնաբանելով միջուկային էներգետիկայի առևտրային տեխնոլոգիաների հարցը։-Նա ավանդաբար եղել է առաջնորդ: Նա կորցրել է այդ առաջնայնությունը… Ես լսել եմ ԱՄՆ էներգետիկայի նախարար Ջենիֆեր Գրանհոլմին, որն ասում էր, որ մենք ցանկանում ենք վերականգնել այդ առաջնայնությունը: Իհարկե, դրա համար անհրաժեշտ է խոսքից անցնել գործի»։

ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենն այսպիսով մատնել է, որ ինքը չեզոք և անկախ կազմակերպության ղեկավարի դերում չէ, այլ ԱՄՆ-ի շահերի ներկայացուցիչը, առնվազն` Միացյալ Նահանգների շահերով մտահոգ և վերոնշյալ ոլորտում ՌԴ-ից ԱՄՆ-ի առաջ անցնելով շահագրգիռ մեկը:

 

Արթուր Հովհաննիսյան