Ռուսական դիվանագիտության մեծ սխալը, մեր դաշնակիցը` ծուղակում

Ռուսաստանը կարճ ժամանակ ուներ` նախապես հայտարարելու, որ բավարար հիմքեր ունենալով, չի վստահում Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) անաչառությանը, հետևաբար «կեղտոտ ռումբի» ստեղծմամբ զբաղված Ուկրաինայի միջուկային օբյեկտներում Կիևի հրավերով ՄԱԳԱՏԷ-ի տեսուչների կատարած ուսումնասիրությունների արդյունքներն արժանահավատ չի համարելու, չի ընդունելու նրանց եզրակացությունը: Ցավոք, այդ ժամկետը, մինչ վերոնշյալ եզրակացության ի հայտ գալը, Ռուսաստանը բաց թողեց ու հիմա հայտնվել է ծուղակում, շատ վտանգավոր իրավիճակում:

Ինչպես այսօր Վիեննայից հաղորդեց ՏԱՍՍ-ը, ՄԱԳԱՏԷ-ն ուկրաինական երեք օբյեկտների ստուգումից հետո չհայտարարված միջուկային գործունեության նշաններ չի արձանագրել, ինչի մասին հայտարարել է Twitter-ում:

«ՄԱԳԱՏԷ-ի տեսուչներն ավարտել են ուկրաինական կառավարության խնդրանքով Ուկրաինայում երեք օբյեկտների հետազոտության աշխատանքները և չեն հայտնաբերել չհայտարարված միջուկային գործունեության որևէ նշան և (համապատասխան) նյութեր»,- նշված է վերոնշյալ հայտարարությունում։

ՄԱԳԱՏԷ-ի այս հայտարարության կապակցությամբ պաշտոնական Մոսկվայի արձագանքը դեռ չկա, հայտնի էլ չէ` կլինի՞ ընդհանրապես… Կարծես շիվարած են, քանի որ դրանով ՄԱԳԱՏԷ-ն, ըստ էության, հայտարարել է, որ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի, արտգործնախարար Սերգեյ Լավրովի, նախագահ Վլադիմիր Պուտինի և ռուսական այլ պաշտոնյաների հայտնած տեղեկությունները, Կիևի հասցեին նրանց մեղադրանքներն իրականությանը չեն համապատասխանում:

«Կեղտոտ ռումբը» կամ ռադիոլոգիական զենքը  զանգվածային բնաջնջման զենքի տեսակներից մեկն է: Այն սովորական պայթուցիչով ռումբ կամ մարտագլխիկ է, որում ներառված ռադիոակտիվ նյութերը պայթյունի հետևանքով ցրվում են մեծ մակերեսով՝ առաջ բերելով տեղանքի կամ շրջակա միջավայրի ռադիոակտիվ աղտոտում` վտանգավոր մարդկանց ու կենդանիների առողջության ու կյանքի համար: «Կեղտոտ ռումբի» պայթեցումը ռադիոակտիվ նյութի կամ նյութերի օգտագործմամբ հարձակման ձև է:

Տարբեր աղբյուրներից ռուսական կողմին, ներառյալ` պաշտպանության նախարարությանը, անցյալ ամիս հայտնի էր դարձել, որ Կիևը արևմտյան կուրատորների ղեկավարությամբ զբաղվում է «կեղտոտ ռումբ» ստեղծելու ծրագրի գործնական իրականացմամբ։ Ըստ այդմ, Դնեպրոպետրովսկի մարզի Ժելտիե Վոդի քաղաքում գտնվող Արևելյան լեռնահարստացման կոմբինատի ղեկավարությանը, ինչպես նաև Միջուկային հետազոտությունների կիևյան ինստիտուտին հանձնարարվել է պատրաստել հենց «կեղտոտ ռումբ» և դրա հետ կապված աշխատանքներն արդեն ավարտական փուլում են։

ՌԴ ԶՈւ Ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի ղեկավար, գեներալ- լեյտենանտ Իգոր Կիրիլովը հոկտեմբերի 24-ին ճեպազրույցում հայտարարել է «կեղտոտ ռումբ» կիրառելու Կիևի պատրաստակամության վերաբերյալ տեղեկություններ ունենալու մասին։ Կիրիլովն ընդգծել է, որ Ուկրաինան իր ատոմակայաններում, այդ թվում՝ Չեռնոբիլում, ինչպես նաև հանքարդյունաբերական ձեռնարկություններում ունի հումք «կեղտոտ ռումբի» ստեղծման համար, ինչպես նաև դրա համար անհրաժեշտ գիտական ​​բազա Կիևում և Խարկովում։

«Կեղտոտ ռումբի» կիրառման սպառնալիքի մասին հայտարարել է նաև ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, այս հարցը Ռուսաստանը բարձրացրել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մակարդակով։ Ռուսական կողմը նշել է նաև Ուկրաինայում գտնվող այն օբյեկտները, որտեղ նման աշխատանքներ կարող են իրականացվել։

ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն ավելի վաղ, հոկտեմբերի 21-23-ի ընթացքում ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Թուրքիայի պաշտպանության նախարարներին փոխանցել է իր մտահոգությունը Կիևի կողմից «կեղտոտ ռումբի» հնարավոր կիրառման վերաբերյալ։ Դրանից հետո Շոյգուն զանգահարել և վերոնշյալի առնչությամբ քննարկումներ է ունեցել նաև Չինաստանի և Հնդկաստանի պաշտպանության նախարարների հետ, նրանց փոխանցել Կիևի կողմից «կեղտոտ ռումբի» օգտագործմամբ հնարավոր սադրանքի վերաբերյալ ՌԴ անհանգստությունը:

Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ- ՌԴ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, բանակի գեներալ Վալերի Գերասիմովն, իր հերթին, հոկտեմբերի 24-ին զանգահարել և Ուկրաինայի կողմից «կեղտոտ ռումբի» կիրառման սպառնալիքի առնչությամբ հեռախոսազրույց է ունեցել Մեծ Բրիտանիայի պաշտպանության շտաբի պետ, ծովակալ Էնթոնի Ռեյդեյկինի հետ: Եվ ի՞նչ…

Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտի կողմից հոկտեմբերի 23-ին հրապարակված ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի համատեղ հայտարարության մեջ նշված է, որ նշված պետությունների արտաքին գործերի նախարարությունները հիմնավորված չեն համարում ռուսական կողմի նախազգուշացումները Կիևի կողմից, այսպես կոչված, կեղտոտ ռումբ օգտագործելու հնարավորության մասին։

«Այսօր ավելի վաղ մեր երեք երկրների պաշտպանության նախարարները ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի խնդրանքով զրուցել են նրա հետ,- նշված է հիշյալ հայտարարությունում:- Մեր երկրները հստակ հասկացրել են, որ իրենք ժխտում են ակնհայտ կեղծ պնդումներն այն մասին, թե Ուկրաինան պատրաստվում է «կեղտոտ ռումբ» կիրառել իր տարածքում… Մենք նաև մերժում ենք Ռուսաստանի կողմից էսկալացիայի ցանկացած պատրվակ» (ընդգծումը` մերը)։

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի առաջին կոմիտեի նիստում ԱՄՆ-ի ներկայացուցիչ Բրյուս Թերները «կեղտոտ ռումբով» սադրանքի մասին Ռուսաստանի պնդումներն անվանել է «ապատեղեկատվության ևս մեկ դեպք»։ Նրա խոսքով՝ Մոսկվան պատրվակ է ստեղծում մարտավարական միջուկային զենք կիրառելու համար։ Ավելին. Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը հոկտեմբերի 24-ին ասել էր, որ հեռախոսով խոսել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ և քննարկել «Ռուսաստանի կեղծ մեղադրանքներն Ուկրաինային` «կեղտոտ ռումբի»‰ կիրառմանը նախապատրաստվելու հարցում։

Ըստ ՌԴ արտգործնախարարության, ԱՄՆ-ի արձագանքը հաստատում է «կեղտոտ ռումբի» վերաբերյալ Ռուսաստանի մտավախությունները: Ինչպես հայտարարել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի առաջին կոմիտեի նիստում ռուսական պատվիրակության ղեկավարի տեղակալ Կոնստանտին Վորոնցովը, նույն նիստում ԱՄՆ ներկայացուցչի խոսքերը հաստատեցին Ռուսաստանի մտավախությունները, որ «կեղտոտ ռումբով» Կիևի սադրանքից հետո Մոսկվային կմեղադրեն մարտավարական միջուկային զենք կիրառելու մեջ։

«ԱՄՆ պատվիրակությունը միայն հաստատեց մեր նախազգուշացումը, որ կխաղարկվի մի սցենար, երբ Կիևի վարչակարգի սադրանքից հետո, որի մասին մենք ամենավստահելի տեղեկություններն ունենք, հենց Ռուսաստանը կմեղադրվի զանգվածային ոչնչացման զենք կիրառելու մեջ»,- ասել է դիվանագետը (մեջբերումը` «ՌԻԱ Նովոստի»-ի):

ԱՄՆ-ին, Արևմուտքին ու նրանց խամաճիկ Ուկրաինայի ռազմաքաղաքական ղեկավարությանը վերոնշյալ սցենարը, այսինքն` Ուկրաինայի տարածքում «կեղտոտ ռումբ» պայթեցնելը, նշված գործողությունը ՌԴ-ին վերագրելը և զանգվածային ոչնչացման զենք կիրառելու մեջ նրան մեղադրելն անհրաժեշտ է Ռուսաստանի նկատմամբ զանգվածային ոչնչացման զենք (մարտավարական միջուկային զենք կամ կենսաբանական զենք) կիրառելու համար, որպեսզի փորձեն գոնե այդ կերպ կանխել ներկայումս ընթացող հակամարտության ընթացքում իրենց պարտությունը:

Վերոնշյալի կապակցությամբ հիշենք ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի կողմից վերջերս Ռուսաստանին ուղղված սպառնալիքը, որ եթե Ռուսաստանի կողմից Ուկրաինայում մարտավարական կամ ցանկացած տեսակի միջուկային զենք կիրառվի, ԱՄՆ-ը նույնակերպ է արձագանքելու: Եթե ԱՄՆ-ը նույնիսկ չիրականացնի իր այս սպառնալիքը, ապա կասկածից դուրս է, որ նշված սցենարի խաղարկումից հետո Միացյալ Նահանգները կամ Մեծ Բրիտանիան Ուկրաինային տրամադրելու են մարտավարական միջուկային զենք կամ ներկայումս տրամադրվողի համեմատ առավել հզոր ու հեռահար, նույնիսկ մինչև Մոսկվա հասնելու ունակ հրթիռներ:

Ռուսաստանը իրադարձությունների հենց վերը ներկայացված զարգացումը նկատի ունենալով ու դրանից զգուշանալով է Կիևից և նրա արևմտյան կուրատորներից պահանջել դադարեցնել կատարումը քայլերի, որոնք աշխարհը տանում են դեպի միջուկային աղետ: Վորոնցովի այն հավաստումը կամ հուսադրումը, թե Ուկրաինայի և ԱՄՆ-ի, Արևմուտքի այդ ծրագրերը չեն աշխատի, քանի որ Ռուսաստանն արդեն զգուշացրել է համաշխարհային հանրությանը, ՄԱԳԱՏԷ-ի վերոնշյալ զգուշացումից հետո ի չիք են դառնում, քանի որ եթե Ուկրաինան այս կամ հաջորդ տարի կիրառի «կեղտոտ ռումբ», ԱՄՆ-ը, նրա գլխավորած հավաքական Արևմուտքը, նույն «համաշխարհային հանրություև» կոչվածի մի էական մասը հղում կատարելով ՄԱԳԱՏԷ-ի եզրակացության վրա, ասելու են, որ Ռուսաստանի մեղադրանքների որևէ ապացույց չի հայտնաբերվել, ուրեմն Ռուսաստանն ինքը «կեղտոտ ռումբ» կիրառելու մտադրություն ունենալով, հոկտեմբերին ստել է, այժմ էլ` կիրառումից հետո, ստում է` այն վերագրելով Ուկրաինային:

Համաշխարհային հանրության մի մասն էլ ՄԱԳԱՏԷ-ի նույն եզրակացության պատճառով չի կարողանալու պաշտպանել ՌԴ-ին: Ի՞նչ է ասելու և անելու Ռուսաստանը դրանից հետո…

Ուկրաինայի կողմից «կեղտոտ ռումբ» ստեղծելու և այն կիրառելու մտադրության մասին Ռուսաստանի հրապարակած տեղեկատվության հետ կապված ու դրանից հետո Կիևը դիմել էր ՄԱԳԱՏԷ-ին, որպեսզի կարգավորող մարմինը տեսուչներ ուղարկի նշված օբյեկտներ։ Դեռ այն ժամանակ ՌԴ-ին պետք է պարզ լիներ, որ ՄԱԳԱՏԷ-ի տեսուչներն այնտեղ «կեղտոտ ռումբի» ստեղծման որևէ ապացույց չեն հայտնաբերելու կամ այդպես են ներկայացնելու, որովհետև եթե դրա նույնիսկ չնչին հավանականությունը լիներ, Զելենսկին կամ Կիևը չէր դիմի ՄԱԳԱՏԷ-ին` իր տեսուչներին հիշյալ օբյեկտներ ուղարկելու և այնտեղ հետազոտություններ իրականացնելու համար: Չէ՞ որ դրա համար պետք էր խելագար լինել…

Ռուսաստանը, ինչպես արդեն նշեցինք, բավարար հիմքեր ուներ ժամանակին հայտարարելու, որ  ՄԱԳԱՏԷ-ն անաչառ կազմակերպություն չէ, չի վստահում նրան, ավելին` ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար Ռաֆայել Գրոսին ԱՄՆ-ի շահերի ներկայացուցիչն է, նրա և Արևմուտքի կամակատարը, հետևաբար «կեղտոտ ռումբի» ստեղծմամբ զբաղված Ուկրաինայի միջուկային օբյեկտներում Կիևի հրավերով ՄԱԳԱՏԷ-ի տեսուչների կատարած ուսումնասիրությունների արդյունքներն արժանահավատ չի համարելու, չի ընդունելու նրանց եզրակացությունը:

 

Շարունակելի

Արթուր Հովհաննիսյան