ԵՄ առաքելության ներկայությունը, ավելի ճիշտ՝ լռությունը, Բաքվի ագրեսիային լրացուցիչ լեգիտիմություն է հաղորդում. Սերգեյ Մելքոնյան

Քաղաքագետ, արևելագետ Սերգեյ Մելքոնյանը «Թելեգրամի» իր էջում

Անդրադառնալով ԵՄ առաքելությանը՝ գրել է․

«ԵՄ առաքելության գործունեության և անգործության մասին

ԵՄ դիտորդները հոկտեմբեր 27-ին ուղևորվել են հայ-ադրբեջանական սահման։ Նրանց ծառայության անցնելու օրվանից ադրբեջանական կողմն առնվազն երկու անգամ խախտել է կրակի դադարեցման ռեժիմը:

  1. Նոյեմբերի 4-ի երեկոյան՝ ժամը 19:40-ին, ադրբեջանական զինուժի ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական առաջնագծի արևելյան ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։
  2. Նոյեմբերի 6-ի՝ լույս 7-ի գիշերը Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական առաջնագծի արևելյան հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։

Երկու հաղորդագրություններն էլ տարածել է Հայաստանի պաշտպանության նախարարությունը։

Ի՞նչ եզրակացություններ կարելի է անել արդեն

  1. Այսօրվա՝ նոյեմբերի 7-ի դրությամբ, դիտորդական առաքելության կողմից ադրբեջանական կողմից խախտման մասին որևէ հայտարարություն չի եղել։ Առավել ևս չի հնչել որևէ քննադատություն։ Հնարավոր է, ինչ-որ տեղ՝ մեկ ամիս անց զեկույց հրապարակվի ռազմաճակատում տիրող իրավիճակի մասին։
  2. Այսօր ստեղծվել է այնպիսի իրավիճակ, որ ով էլ կանգնած լինի սահմանին, Բաքուն կշարունակի ուժի կիրառմամբ ճնշել մեզ։ Եվրոպական առաքելության ներկայությունը, իսկ ավելի ճիշտ՝ լռությունը, նրանց ագրեսիային լրացուցիչ լեգիտիմություն է հաղորդում։
  3. Հայաստանի դե ֆակտո ղեկավարությունը, ընդդիմությունն ու հայ հասարակությունն առայսօր գնահատական չեն տվել այդ առաքելության գործունեությանը՝ ավելի ստույգ՝ անգործությանը։ Նրանք, ովքեր ակտիվորեն առաջ են տարել եվրոպական աառքելության տեղակայման գաղափարը՝ որպես անվտանգության երաշխիք, նույնպես առայսօր ոչինչ չեն ասել այդ առնչությամբ։
  4. Նրանք, ովքեր միամտաբար կարծում եմ, թե որևէ օտարերկրյա առաքելության տեղակայումը կկանխի ադրբեջանական հարձակումը կամ ագրեսիան, չարաչար սխալվում են»: