Իրանն ապակայունացնելու փորձերը վկայում են թշնամու հուսահատության մասին. Ռաիսի

ԻԻՀ նախագահն ասել է, որ Իրանին ապակայունացնելու փորձը վկայում է այս երկրում և տարածաշրջանի այլ երկրներում իր նպատակների ձախողման պատճառով թշնամու զայրույթի և հուսահատության մասին: Այս մասին գրում է ParsToday-ը:

Չորեքշաբթի օրը, Սիրիայի ԱԳ նախարար Ֆեյսալ ալ-Մեղդադի հետ հանդիպման ժամանակ, Էբրահիմ Ռաիսին հավելել է. «Իրանը ողջ ուժով կշարունակի առաջընթացի, արդարության ու դիմադրության ուղին և կչեզոքացնի  թշնամիների դավադրությունները։

Ռաիսին հայտարարել է, որ նույն մարդիկ, ովքեր Սիրիան ներքաշել են ճգնաժամի մեջ, փորձում են ապստամբություն հրահրել Իսլամական Հանրապետության դեմ:

Նա նշել է. «Երբ թշնամիները հասկացան, որ պետական ​​հեղաշրջումը, պարտադրված պատերազմը, տարիներ շարունակ հնչեցվող սպառնալիքները, ահաբեկչությունն ու էմբարգոյի քաղաքականությունը չեն կարող խոչընդոտել Իրանի ժողովրդի առաջընթացին,  բացահայտ դավադրության դիմեցին՝  անկարգություններ հրահրելով Իրանում»:

Սիրիայի ԱԳ նախարար Ֆեյսալ ալ-Մեղդադն ասել է. «Երբ տարածաշրջանի ժողովուրդների թշնամիները Սիրիայում պարտություն կրեն, հնարավորություն չեն ունենա հասնելու Իրանի հզոր ժողովրդի դեմ ուղղված իրենց նպատակներին»։

Սիրիայի արտգործնախարարը նաև ընդգծել է Իրանի հետ տնտեսական համագործակցության ընդլայնման հարցում իր երկրի հանձնառությունն ու շահագրգռվածությունը։