Սարատակում «սխալմամբ» հիմնանորոգել են այն փողոցը, որտեղ պաշտոնյաներ են ապրում. գործը դատախազությունում է

Նախկինում դեպք ենք ունեցել, երբ հրապարակվել է սուբվենցիոն ծրագրի համար գումար հատկացնելու մասին, հետո պարզվել է, որ ոչ թե այդ փողոցն է հիմնանորոգվել, այլ մի քիչ այս կողմ գտնվողն փողոցը: Խիստ պատահականորեն բյուջեով հատկացված գումարներով շփոթվել և հիմնանորոգել են հենց այն փողոցը, որտեղ տեղացի պաշտոնյաներ են ապրում: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 3-ին, կառավարության նիստում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ Պետական վերահսկողության ծառայությունը այդ թեմայով ուսումնասիրություն է արել:

ՊՎԾ ղեկավար Ռոմանոս Պետրոսյանն էլ մանրամասնեց. «Պարզեցինք, որ Շիրակի մարզի Սարատակ համայնքում փաստաթղթերը կազմվել են 5-րդ փողոցի անվամբ, սակայն փաստացի հիմնանորոգման աշխատանքները կատարվել են 4-րդ փողոցում: Ձեր հանձնարարությամբ ՏԿԵ նախարարությանը և Շիրակի մարզպետարանին առաջարկություն ներկայացվեց ՊՎԾ-ից՝ իրականացնելու ծառայողական քննություն և առերևույթ հանցակազմ պարունակող փաստերի դեպքում դրանք փոխանցել իրավապահ մարմիններին: Շիրակի մարզպետարանից եղավ պատասխան, որ փաստաթղթերը փոխանցվել են գլխավոր դատախազություն»: