Իրանը Իսրայելին է մեղադրել Շիրազում տեղի ունեցած ահաբեկչության համար

Իսրայելը պետք է պատասխանատվություն կրի Իրանի Շիրազ քաղաքի Շահ Չերախի դամբարանում տեղի ունեցած ահաբեկչության համար, փոխանցում է Mehr լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով Իրանի Մեջլիսի նախագահ Մոհամադ Բաղեր Ղալիբաֆին։ Նրա խոսքով՝ իսրայելական կողմը չի կարողանա թաքցնել իր ենթադրյալ մասնակցությունը միջադեպին։

«Սիոնիստական ​​ռեժիմը [Իսրայելը] պետք է իմանա, որ չի կարող թաքնվել «Իսլամական պետության» ահաբեկիչների դիմակի տակ։ Նա միանշանակ պատասխանատվություն կկրի Իրանի տարածքում թափված արյան համար»,- ասել է Ղալիբաֆը։

Ինչպես նշել է Իրանի խորհրդարանի նախագահը, Շիրազում տեղի ունեցած ահաբեկչությունը հուշում է, որ Իրանի թշնամիները փորձում են ոչնչացնել պետության անվտանգության համակարգը և տարաձայնություններ ստեղծել երկրի ներսում։ Ղալիբաֆը նաև ընդգծել է, որ նման պայմաններում հանրապետության ղեկավարությունը պետք է ամեն ինչ անի՝ անվտանգության ոլորտում առկա «թույլ կետերը» վերացնելու համար։