Զելենսկին ու նրա ետևում կանգնածները կարող են ներկայիս հակամարտությունը վերածել միջուկային պատերազմի
Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Թուրքիայի պաշտպանության նախարարներին փոխանցել է իր մտահոգությունը Կիևի կողմից «միջուկային կեղտոտ ռումբի» հնարավոր կիրառման վերաբերյալ։ Ֆրանսիայի պաշտպանության նախարար Սեբաստիան Լեկորնուի հետ զրույցում կողմերը քննարկել են Ուկրաինայում տիրող իրավիճակը, որը կայուն միտում ունի դեպի հետագա անվերահսկելի էսկալացիա։
ՌԴ պաշտպանության նախարարությունը պարզաբանել է, որ «Շոյգուն իր ֆրանսիացի գործընկերոջ ուշադրությանն է ներկայացրել իր մտահոգությունները Ուկրաինայի կողմից «միջուկային կեղտոտ ռումբի» օգտագործմամբ հնարավոր սադրանքների վերաբերյալ։
«Կեղտոտ միջուկային ռումբը» կամ ռադիոլոգիական զենքը զանգվածային բնաջնջման զենքի տեսակներից մեկն է: Այն սովորական պայթուցիչով ռումբ կամ մարտագլխիկ է, որում ներառված ռադիոակտիվ նյութերը պայթյունի հետևանքով ցրվում են մեծ մակերեսով՝ առաջ բերելով տեղանքի կամ շրջակա միջավայրի ռադիոակտիվ աղտոտում` վտանգավոր մարդկանց ու կենդանիների առողջության ու կյանքի համար: «Կեղտոտ ռումբի» պայթեցումը ռադիոակտիվ նյութի կամ նյութերի օգտագործմամբ հարձակման ձև է:
Ավելի ուշ ՌԴ ՊՆ ղեկավարը հեռախոսազրույց է ունեցել թուրք գործընկեր Հուլուսի Աքարի հետ։ Շոյգուն նաև նրան է փոխանցել է իր մտահոգությունները Կիևից հնարավոր սադրանքների վերաբերյալ։
Ավելի վաղ հաղորդվել էր նաև Շոյգուի և Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինի բանակցությունների մասին։ Ընդ որում, Շոյգուն Օսթինին զանգահարել է ոչ միայն անցած ուրբաթ, այլև կիրակի, ինչը վկայում է խնդրի կարևորության և իրավիճակի վտանգավորության մասին: Իր հերթին, ԱՄՆ պաշտպանական գերատեսչության ղեկավարը զանգահարել է իր ուկրաինացի գործընկեր Ալեքսեյ Ռեզնիկովին: Թե ի՞նչ է ասել նրան, համոզե՞լ է ետ կանգնել վերոնշյալ քայլից, թե հակառակը, հայտնի չէ:
Ինչպես հոկտեմբերի 23-ին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը, Շոյգուն հեռախոսազրույց է ունեցել նաև Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Բեն Ուոլեսի հետ, զրույցի ընթացքում ՌԴ պաշտպանության նախարարն Ուոլեսին տեղեկատվություն է փոխանցել Ուկրաինայի կողմից «կեղտոտ ռումբի» օգտագործմամբ հնարավոր սադրանքի մասին: Երեկ նշված պետությունների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների հետ Շոյգուի բանակցությունների արդեն երրորդ օրն էր:
Այս թեմայով մեր նախորդ վերլուծականում խոստացել էինք բացատրել, թե Շոյգուն ինչու է զանգահարել հենց նշված պետությունների պաշտպանության նախարարներին: Թուրքիան թեև միջուկային տերություն չէ, սակայն աշխարհում առավել հզոր բանակ ունեցողներից մեկն է, թուրքական բանակը զինվորական անձնակազմի թվաքանակով և սովորական սպառազինության առումով ՆԱՏՕ-ում 2-րդն է, աշխարհում` 5-րդը:
Երկրորդ. հաշվի են առնվել նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի, Ռուսաստանի ու Թուրքիայի առանձնակի, նուրբ, արտաքուստ հավասարակշռված ու բարեկամական, սակայն, միաժամանակ, ցանկացած պահի խզվելու ենթակա ու դրա սպառնալիքի տակ գտնվող հարաբերությունները:
Երրորդ. հաշվի է առնվել նաև Էրդողանի որոշ ազդեցությունը Զելենսկու վրա, Թուրքիայի և Ուկրաինայի դաշնակցային հարաբերությունները և պաշտպանության նախարարների սերտ կապերը, այսինքն` փորձ է արվում Թուրքիայի միջոցով ազդել Ուկրաինայի վրա` կանխելու համար վերոնշյալ ու հույժ վտանգավոր սադրանքը:
Ինչ վերաբերվում է ԱՄՆ-ին, Մեծ Բրիտանիային ու Ֆրանսիային, նշված պետությունների պաշտպանության նախարարների հետ Շոյգուի զրույցներին, ապա, առաջին հերթին, պետք է նկատի ունենալ այն, որ Զելենսկի- խամաճիկի տիկնիկավարներն ԱՄՆ-ում ու Մեծ Բրիտանիայում են, և երկրորդ` խոսքն, ըստ էության, ՌԴ-ին թշնամի միջուկային տերությունների մասին է, որոնցից հատկապես առաջին երկուսը Ուկրաինայի հիշյալ սադրանքից ու ՌԴ համարժեք պատասխանից հետո կարող են գնալ Ռուսաստանի հետ միջուկային բախման ողջ աշխարհի համար կործանարար քայլին:
Ուկրաինայի զինված ուժերի կողմից «կեղտոտ ռումբի» օգտագործմամբ սադրանքի նախապատրաստման մասին ավելի վաղ հայտնել էր «ՌԻԱ Նովոստի» պետական գործակալությունը` հղում կատարելով տարբեր երկրների, այդ թվում՝ Ուկրաինայի վստահելի աղբյուրներին։ Գործակալության պնդմամբ, սադրանքի նպատակը Մոսկվային զանգվածային ոչնչացման զենք կիրառելու մեջ մեղադրելն է:
Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը Liga.net-ին ասել է, որ «կեղտոտ ռումբով» սադրանքի նախապատրաստման մասին տեղեկությունները «բացարձակ և լիովին կանխատեսելի անհեթեթություն են»։ Հասկանալի է, որ չէր հաստատելու նշված տեղեկությունը, հակառակը` փորձելու էր հերքել: Սակայն…
Տարբեր աղբյուրներից ռուսական կողմին, ներառյալ` պաշտպանության նախարարությանը, հայտնի է դարձել, որ Կիևը արևմտյան կուրատորների ղեկավարությամբ արդեն սկսել է «կեղտոտ ռումբ» ստեղծելու ծրագրի գործնական իրականացումը։ Դնեպրոպետրովսկի մարզի Ժելտիե Վոդի քաղաքում գտնվող Արևելյան լեռնահարստացման կոմբինատի ղեկավարությանը, ինչպես նաև Միջուկային հետազոտությունների կիևյան ինստիտուտին հանձնարարվել է պատրաստել հենց «կեղտոտ ռումբ»։ Դրա հետ կապված աշխատանքներն արդեն ավարտական փուլում են։
ՌԴ զինված ուժերի ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի ղեկավար, գեներալ- լեյտենանտ Իգոր Կիրիլովն այսօր կայացած ճեպազրույցում ընդգծել է, որ Ուկրաինան իր ատոմակայաններում, այդ թվում՝ Չեռնոբիլում, և հանքարդյունաբերական ձեռնարկություններում ունի հումք, այսպես կոչված, կեղտոտ ռումբի ստեղծման համար, ինչպես նաև դրա համար անհրաժեշտ գիտական բազա Կիևում և Խարկովում։
«Rusvesna»-ի դեռ մարտի 20-ի հրապարակման համաձայն, «Արդեն հատուկ գործողության մեկնարկից հետո եղավ հայտարարություն, որ վկայություններ կան ԱՄՆ-ից Ուկրաինա զինական (միջուկային զենքի արտադրության համար նախատեսված.- Ա.Հ.) պլուտոնիումի փոխանցման մասին, իսկ Զապորոժեի և Չեռնոբիլի ատոմակայաններում ստացվել են միջուկային զենքի արտադրության մասին խոսացող փաստաթղթեր և վկայող ցուցմունքներ»։
Հուլիսի 13–ին «ՌԻԱ Նովոստի»-ին տեղեկացրեց, որ Ուկրաինայի իշխանություններն իրենց հսկողության տակ Զապորոժիեի ԱԷԿ-ի գտնվելու ժամանակ արգելված փորձարկումներ են իրականացրել այնտեղ: Այս մասին հայտնել էր Զապորոժիեի մարզի այն ժամանակվա վարչակազմի գլխավոր խորհրդի անդամ Վլադիմիր Ռոգովը:
«ԱԷԿ-ում Պորոշենկո-Զելենսկի ռեժիմի կողմից արտոնվել են արգելված փորձարկումներ` սկսած մեծ քանակությամբ միջուկային նյութերից, որոնք անհրաժեշտ չեն կայանի աշխատանքի համար ու չէին կարող հայտնվել նրա ռեակտորների աշխատանքի արդյունքում, և վերջացրած մի շարք այլ հետաքրքիր պահերով»,- «ՌԻԱ Նովոստի»-ին ասել էր Ռոգովը:
Հարկ է ընդգծել, որ եթե Ուկրաինան միջուկային կեղտոտ ռումբ կիրառի ՌԴ տարածքում` Ղրիմում, ՌԴ Դոնեցկի, Լուգանսկի, Զապորոժիեի կամ Խերսոնի մարզերում, ապա այնտեղ զանգվածային բնաջնջման զենքի կիրառումը Ռուսաստանին կհարկադրի և, իր միջուկային դոկտրինի համաձայն, իրավունք կտա մարտավարական միջուկային զենք կիրառել Ուկրաինայի ռազմավարական կարևորագույն թիրախների նկատմամբ:
Ինչպես արդեն նշել ենք այս թեմայով մեր վերոնշյալ հրապարակմամբ, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանն ավելի վաղ Ռուսաստանին սպառնացել է, որ վերջինիս կողմից Ուկրաինայում մարտավարական կամ առավել հզոր միջուկային զենքի կիրառման դեպքում ԱՄՆ-ը նույնակերպ է արձագանքելու:
Եթե ԱՄՆ-ն իր սպառնալիքն իրականություն դարձնի, ապա դրանից հետո անխուսափելի անցում կկատարվի Ռուսաստանի և ԱՄՆ-ի, Արևմուտքի և ՌԴ-ի միջև ռազմավարական նշանակության միջուկային զենքի կիրառմամբ զանգվածային հարվածներին, այսինքն` Երկիր մոլորակի մոխրացմանը: Միջուկային զենքի կիրառմամբ Երրորդ համաշխարհային պատերազմը կամ մարդկության վերջին աշխարհամարտը կդառնա առավել քան ողբերգական իրականություն:
Բացառված չէ նաև, որ Ուկրաինան «կեղտոտ ռումբ» կիրառի իր իսկ տարածքում` Մոսկվային զանգվածային ոչնչացման զենք կիրառելու մեջ մեղադրելու և Արևմուտքից առավել հզոր ու կործանարար սպառազինություն, այդ թվում, բացառված չէ, մարտավարական միջուկային զենք կամ դրա պատրաստման տեխնոլոգիա, հնարավորություններ ստանալու նպատակով:
Սակայն, վերոնշյալով հանդերձ, հուսանք, որ Ռուսաստանի կողմից ժամանակին կատարված հիշյալ բացահայտումն և արված նախազգուշացումն իրենց դերը կունենան` Ուկրաինան, նրա ետևում կանգնած Արևմուտքը գիտակցելով, որ արդեն բացահայտված է իրենց ծրագիրը, կհրաժարվեն նշված աննախադեպ ոճրագործությունից:
Արթուր Հովհաննիսյան