ՌԴ նախազգուշացումներին ԱՄՆ-ի, Անգլիայի և Ֆրանսիայի լկտի վերաբերմունքը վկայում է, որ Զելենսկու միջուկային սադրանքի ետևում նրանք են կանգնած

Եթե նույնիսկ ԱՄՆ-ի, Անգլիայի և Ֆրանսիայի անմիջական ցուցումով կամ հրամանով չէ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու կողմից նախապատրաստվող միջուկային սադրանքը, ապա առնվազն նրանց գիտությամբ ու հովանավորությամբ է:

Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն երեկ և նախորդած երկու օրերին, հեռախոսազրույցներ է ունեցել ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Թուրքիայի պաշտպանության նախարարների հետ։ Շոյգուն նրանց է փոխանցել Ուկրաինայի կողմից «կեղտոտ միջուկային ռումբի» օգտագործմամբ հնարավոր սադրանքի վերաբերյալ ռուսական կողմի մտահոգությունները։ Թե ինչո՞ւ հենց նշված պետությունների պաշտպանության նախարարներին է զանգել, թերևս կփորձենք բացատրել առանձին հրապարակմամբ:

«Կեղտոտ միջուկային ռումբը» կամ ռադիոլոգիական զենքը զանգվածային բնաջնջման զենքի տեսակներից մեկն է: Այն սովորական պայթուցիչով ռումբ կամ մարտագլխիկ է, որում ներառված ռադիոակտիվ նյութերը պայթյունի հետևանքով ցրվում են մեծ մակերեսով՝ առաջ բերելով տեղանքի կամ շրջակա միջավայրի ռադիոակտիվ աղտոտում` վտանգավոր մարդկանց ու կենդանիների առողջության ու կյանքի համար:

Եվ ի՞նչ եք կարծում` ինչպե՞ս են արձագանքել ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան Ռուսաստանի վերոնշյալ նախազգուշացմանը (Թուրքիայի արձագանքի մասին դեռ տեղեկություն չկա)… Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտի կողմից երեկ հրապարակված ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի համատեղ հայտարարության մեջ նշված է, որ նշված պետությունների արտաքին գործերի նախարարությունները հիմնավորված չեն համարում ռուսական կողմի նախազգուշացումները Կիևի կողմից, այսպես կոչված, կեղտոտ ռումբ օգտագործելու հնարավորության մասին։

Երեք պետությունների դիվանագիտական ​​գերատեսչությունների ղեկավարները նաև վստահեցրել են, որ մտադիր են «աջակցել իր տարածքը պաշտպանելու Ուկրաինայի ջանքերին այնքան, որքան դա կպահանջվի»։ ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի արտգործնախարարները, դարձյալ ինչպես հայտարարությունում է նշված, «քննարկել են Ուկրաինային և ուկրաինացիներին ռազմական և տնտեսական օգնության տրամադրման հանձնառությունը…»։

«Այսօր ավելի վաղ մեր երեք երկրների պաշտպանության նախարարները ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի խնդրանքով զրուցել են նրա հետ,- նշված է հիշյալ հայտարարությունում:- Մեր երկրները հստակ հասկացրել են, որ իրենք ժխտում են ակնհայտ կեղծ պնդումներն այն մասին, թե Ուկրաինան պատրաստվում է «կեղտոտ ռումբ» կիրառել իր տարածքում… Մենք նաև մերժում ենք Ռուսաստանի կողմից էսկալացիայի ցանկացած պատրվակ»։

Դե քանի որ Զելենսկու տիկնիկավարներն Արևմուտքում են, ապա ի սկզբանե պարզ էր, թե ինչպես են արձագանքելու: Կարծում ենք, Շոյգուն էլ պատրանքներ չի ունեցել վերոնշյալ եռյակի արձագանքի առումով, բայց զանգել է նրանց հետևյալի համար` կանխեք Զելենսկու միջուկային սադրանքը (հասկանալ` ԱՄՆ և Մեծ Բրիտանիա, հրաժարվեք Ուկրաինայի միջոցով ձեր միջուկային սադրանքից), հակառակ դեպքում հետևանքների պատասխանատվությունը նաև ձեր վրա է ընկնում:

Հարկ է ուշադրություն դարձնել ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի արտգործնախարարների հայտարարության հատկապես հետևյալ մասին. «Մենք նաև մերժում ենք Ռուսաստանի կողմից էսկալացիայի ցանկացած պատրվակ»։ Սա նշանակում է, որ եթե ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, ԱՄՆ-ի կամակատար Ֆրանսիան և այլ պետություններ, ի վերջո, հետևանքներից զգուշանալով, չկանխեն Ուկրաինայի կողմից նախապատրաստվող միջուկային սադրանքը, և այն իրականություն դառնա, ապա տվյալ սադրանքը վերագրելու են ՌԴ-ին, ավելին` Ռուսաստանի պատասխանատվության, պատժի հարցն են բարձրացնելու: Նորություն չէ, որ ԱՄՆ-ը և Մեծ Բրիտանիան ունակ են հրեշավոր ստերի, կեղծիքների ու սադրանքների, իսկ Մակրոնն այդ դեպքում թութակի պես կկրկնի ԱՄՆ-ից կամ Մեծ Բրիտանիայից դուրս եկած այն կեղծիքը, ինչ իրենից կպահանջի կրկնել Բայդենը:

Որ ԱՄՆ-ի ու Մեծ Բրիտանիայի ներկայիս նպատակադրումը հենց վերը նշվածն է, հուշում են նույնիսկ Հայաստանում, կարելի է ենթադրել, Արևմուտքի կողմից ֆինանսավորվող և ուղղորդվող, բայց միանշանակ հակառուսական, այդ առումով առաջատար և մասնագիտացած ԶԼՄ-ների երեկվա և այսօրվա հրապարակումները, օրինակ, այս զրպարտչական վերնագրով` «ՌԴ-Ն խոշոր սադրանք է նախապատրաստում. Շոյգուի զանգերը դրա վկայությունն են»:

Եվս մի շատ կարևոր հանգամանք. ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, ԱՄՆ-ի խամաճիկ եվրոպական բազմաթիվ պետություններ տևական ժամանակ բարբաջում են, թե Ռուսաստանն իբր մտադիր է Ուկրաինայում միջուկային զենք կիրառել, ՌԴ ռազմաքաղաքական ղեկավարությունը բազմիցս հերքել է դա և իրականում չունի դրա կարիքն ու նշված մտադրությունը: Հիմա, դատելով ամենից, կարծես նպատակ կա սադրելու Ռուսաստանի կողմից մարտավարական միջուկային զենքի կիրառում: Այս առումով ամբողջ խնդիրն այն է, թե Ուկրաինան որտեղ կիրականացնի զանգվածային բնաջնջման զենքի կիրառմամբ վերոնշյալ սադրանքը` ի՞ր, թե ՌԴ տարածքում (Ղրիմում, ՌԴ Դոնեցկի, Լուգանսկի, Զապորոժիեի կամ Խերսոնի մարզերում)…

Թեև ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի արտգործնախարարների հայտարարության մեջ նշված է` «Մեր երկրները հստակ հասկացրել են, որ իրենք ժխտում են ակնհայտ կեղծ պնդումներն այն մասին, թե Ուկրաինան պատրաստվում է «կեղտոտ ռումբ» կիրառել իր տարածքում», սակայն հարկ է նկատի ունենալ, որ նշված պետություններն Ուկրաինայի տարածք են համարում նաև Ղրիմը, ՌԴ Դոնեցկի, Լուգանսկի, Զապորոժիեի և Խերսոնի մարզերը:

Եթե Ուկրաինան «կեղտոտ միջուկային ռումբ» կիրառի ՌԴ տարածքում, ապա այն Ռուսաստանին և՛ կհարկադրի, և՛, իր միջուկային դոկտրինի համաձայն, իրավունք կտա մարտավարական միջուկային զենք կիրառել Ուկրաինայի ռազմավարական կարևորագույն թիրախների նկատմամբ:

Վերոնշյալ սադրանքի նպատակը, որի ետևից երևում են ԱՄՆ-ի ցցված ականջները, հավանաբար հենց այն է, ՌԴ-ին սադրեն ու հարկադրեն Ուկրաինայում միջուկային զենք կիրառել, որպեսզի ԱՄՆ-ը ու նրա գլխավորած հավաքական Արևմուտքը Ռուսաստանի նկատմամբ իրենց ձեռքերին ազատություն տան և այդպիսով կանխեն ընթացող հակամարտությունում ոչ միայն Ուկրաինայի, այլև իրենց անխուսափելի պարտությունը: ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանն ավելի վաղ Ռուսաստանին սպառնացել է, որ վերջինիս կողմից Ուկրաինայում մարտավարական կամ առավել հզոր միջուկային զենքի կիրառման դեպքում ԱՄՆ-ը նույնակերպ է արձագանքելու:

 

Արթուր Հովհաննիսյան