«Մտնենք Սասուն, դուրս գանք Մո՞ւշ, հա՞, ծովից ծով Հայաստա՞ն»․ Ալեն Սիմոնյան

Այո, խաղաղության օրակարգն ակտուալ է, պետք է խաղաղություն լինի, որպեսզի նման տեսանյութեր այլեւս չլինեն: Այս մասին այսօր ասաց Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը՝ լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով թշնամի պետության զինյալների կողմից հայ գերիների գնդակահարության սահմռկեցուցիչ տեսանյութին։ «Որպեսզի նման տեսանյութեր այլևս չլինեն»,- իր ասածն այսպես բացատրեց Սիմոնյանը, ապա հռետորական հարց հնչեցրեց․

«Իսկ առաջարկը ո՞րն է, հավերժ պատերա՞զմ։ Մտնենք Սասուն, դուրս գանք Մո՞ւշ, հա՞, ծովից ծով Հայաստա՞ն․․․ Ինչի՞ չեք նշում, որ մենք շարունակում ենք բանակը զինել, ո՞վ է ասում, որ բանակ չպետք է լինի, խաղաղության օրակարգը նշանակում է, որ բանակ չպե՞տք է լինի, ո՛չ։ Եթե ինչ-որ մեկը կա, որ կարող է մեզ հիմա առաջարկել ռեալ տարբերակ այն բոլոր նկրտումներին, կենացներին, որոնք մենք սիրում ենք հաճախ ասել՝ ծովից ծով Հայաստան, հես ա մտնելու ենք գրավենք․ կներեք, ես այդ խոսակցություններին լուրջ չեմ վերաբերվում, մենք չենք կարող ժամանակակից աշխարհում զբաղվել հարևանների նկատմամբ ռազմատենչ հայտարարություններով և տարածքային պահանջներով»։

Լրագրողի հարցին՝ իսկ կարո՞ղ ենք մեր սուվերեն տարածքը պահպանել, Ալեն Սիմոնյանն այսպես պատասխանեց․

«ՀՀ սուվերեն տարածքը, ինքնիշխանությունը քննարկման ենթակա չէ՛»։

Դիտարկմանը, որ թշնամին 1.5 տարի է՝ մեր սուվերեն տարածքում է գտնվում, Ալեն Սիմոնյանն ասաց․ «Մենք պատերազմ չենք անելու, մենք պատրաստվելու ենք Հայաստանը պաշտպանելու: Դուք տեսնում եք, որ մենք զբաղվում ենք այդ հարցերի լուծմամբ, բայց դա չի կարող լինել Թուրքիայի, Ադրբեջանի կամ Ադրբեջանի վրա հարձակվելը, որովհետեւ մենք դրա հնարավորությունը չունենք մեր փոքր լինելու բերումով, պատերազմի վերջին իրադարձություններից ելնելով»,-ասաց նա:

Անդրադառնալով առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հայտարարությանը, թե Հայաստանն արդեն կապիտուլացված է և պետք է հիմա խաղաղության պայմանագիր կնքել, մեզ համար առավել քիչ ցավոտ տարբերակով, Ալեն Սիմոնյանն ասաց. «Ես չեմ հասկանում, թե ինչ կապիտուլյացիայի մասին է խոսքը եւ ինչու է նա այդ բառը դնում շրջանառության մեջ: Ինչու 1990-ականներին, երբ ինքը հաղթանակած նախագահ էր, այդ  կապիտուլյացիան չստորագրեց եւ չբերեց անկախություն Արցախի համար: Մենք Ադրբեջանի հետ պաշտոնական պատերազմի մե՞ջ ենք: Մենք խոսում ենք խաղաղության պայմանագրի մասին: Այս պահին շատ երկրներ կան, որոնք չունեն դեմարկացված սահմաններ, չունեն խաղաղության պայմանագիր»: