Խմբագիր-վարչապետը թվիթերյան գրառումներից սահուն անցում կատարեց իր սիրած գործին՝ այս անգամ սեփական թերթում գեոպոլիտիկ բամբասանքների տարածմանը

ՀՀ դե ֆակտո վարչապետը, իր ընտանիքին պատկանող թերթի միջոցով որոշել է ամեն օր տեղեկատվական դաշտ նետել հերթական իբրև թե «հավաստի» տեղեկատվությունը, թե Հայաստանից ինչ են ուզում ուրիշները։ Այս անգամ անդրադարձել է Ռուսաստանի ակնկալիքներին կամ ավելի շուտ դրանց վերաբերյալ սեփական ընկալմանը։

Ընդ որում, հոդվածում զուգահեռներ անցկացնելով Ուկրաինայի իրադարձությունների հետ և ըստ էության հավասարության նշան դնելով հանցագործ Ադրբեջանի և մեր ռազմավարական դաշնակից Ռուսաստանի միջև, դե ֆակտո վարչապետի ընտանեկան թերթը մի կողմից հերթական սերմերն է ցանում Հայաստանում հակառուսական տրամադրությունների աճեցման համար, մյուս կողմից ահռելի սպառնալիքներ ստեղծում Հայաստանի և Արցախի անվտանգության համար։

Այսպես, առանձնացնենք հոդվածում տեղ գտած մի շարք խնդրահարույց դրվագներ․

– «Ռուսաստանը Հայաստանից համարյա ուզում է այն, ինչ ուզում է Ուկրաինայից, որ այն դառնա «Ռուսաստան-Բելառուս» միութենական պետության կամ Ռուսաստանի մաս»։

– «եթե Ուկրաինայի դեպքում նման արդյունքի համար ՌԴ-ն օգտագործում է ռուսական և գուցե բելառուսական զորքերը, Հայաստանի դեպքում օգտագործում է Ադրբեջանի և որոշ չափով էլ ՀՀ-ում տեղակայված ռուսական զորքերը»։

– «Այս տրամաբանությունը զարգացնելու քայլերը (ի թիվս այլի) Հայաստանին զենքի մատակարարման պարտավորությունները չկատարելն է»։

– «Ռուսաստանին պետք է ԼՂ հարցի չլուծում, այսինքն, որ ԼՂ հարցը լինի չլուծված, որպես ազդեցության լծակ թե Հայաստանի, թե Ադրբեջանի վրա»։

– «Չնայած հրապարակային հայտարարություններին, Ռուսաստանը ՀՀ տարածքով միջանցքի հիմնական շահառուն է, որովհետև թե Ադրբեջանը, թե Թուրքիան, թե Ռուսաստանն ուզում են, որ ՀՀ տարածքով լինի միջանցք՝ ՌԴ վերահսկողության ներքո»։

– «Թուրքիայի և Ադրբեջանի դերը ավելի է մեծացել և հիմա Ադրբեջանը կարող է դառնալ ՌԴ-ից ԵՄ գազի և նավթի արտահանման հարթակ»։

Այժմ փորձենք հասկանալ, թե ինչ մեծ կեղծիք և ահռելի սպառնալիքներ են թաքնված այս ձևակերպումներից յուրաքանչյուրի կոնտեքստում, եթե հաշվի առնենք, որ դրանք տեղ են գտել ՀՀ դե ֆակտո վարչապետին պատկանող թերթում և լիովին արտացոլում են վերջինիս ձեռագիրը, ինչը, միանշանակ, նկատում են նաև Մոսկվայում։

‼️Նախ զուգահեռներ անցկացնելով ՌԴ-Ուկրաինա հակամարտության հետ՝ հոդվածագիրը փաստացի Հայաստանը նույնականացնում է այս պահին ՌԴ-ի դեմ պատերազմող երկրի հետ, այսինքն հոդվածի տրամաբանությունից բխում է, որ, որ հայ-ռուսական հարաբերությունները նույնքան թշնամական են, որքան ռուս-ուկրաինականը։ Ընդ որում, տարիներ շարունակ ինքնիշխանության մասին բղավող գործիչը, ըստ էության խոստովանում է, որ մեր երկիրը հասցրել է այնպիսի մի վիճակի, որ դրված է ինքնիշխանության մասնակի կորստի(միութենական պետություն) կամ լիարժեք կորստի(ՌԴ մաս) հարց։ Թեև չի բացառվում, որ սա պարզապես իշխանական թերթի հերթական մանիպուլյացիան է, սակայն այսպիսի խոսույթի հրապարակ նետումն իսկ խիստ վտանգավոր է և լի Հայաստանի համար կենսական սպառնալիքներով։

‼️Ըստ էության հեղինակը պնդում է, որ Հայաստանում ռուսական և ադրբեջանական զորքերը կիրառվում են մեր երկրի ինքնիշխանության հանդեպ վերոհիշյալ «մտահաղացումը» կյանքի կոչելու նպատակով։ Այսինքն, վարչապետին պատկանող թերթը հավասարության նշան է դնում մի կողմից հայ զինվորին գլխատող և կանանց քառատող ադրբեջանական վայրագ զորքերի, մյուս կողմից փաստացի այսօր հայ-թուրքական, հայ-ադրբեջանական սահմանի էական մասը պաշտպանող, Արցախի ժողովրդի անվտանգության միակ երաշխավոր բարեկամական զորքերի միջև։ Ավելին, Հայաստանի ինքնիշխանության դեմ ռուսական ռազմաբազայի զորքերի օգտագործման թեզը հրապարակ նետելով՝ խմբագիր-վարչապետը փորձում է լեգիտիմ նարրատիվ ձևավորել՝ հետագայում ռուսական ռազմաբազան դուրս բերելու հնարավոր փորձերն արդարացնելու նպատակով։

‼️Եթե դե ֆակտո վարչապետը իր գավառական ճարպկությամբ փորձում է խուսափել զենքի մատակարարման հարցում ՌԴ հասցեին ուղիղ և հստակ մեղադրանքներ հնչեցնելուց՝ բավարարվելով անուղղակի ակնարկներով, ապա սեփական թերթի էջերին իրեն շատ ավելի ազատ է զգում և մեծ ռիսկի տակ դնում սպառազինությունների ոլորտում հայ-ռուսական համագործակցության հեռանկարները։ Եվ սա այն պարագայում, երբ փաստացի պատերազմական իրավիճակում Հայաստանը սպառազինությունների ձեռքբերման տեսանելի այլընտրանքային հնարավորություններ չունի, որի մասին խոստովանել է նաև կառավարության ղեկավարը։ Հնդկաստանից, ԱՄՆ-ից, Իրանից և որոշ այլ ուղղություններից զենքի ձեռքբերման մասին տեղեկությունները առայժմ միայն խոսակցությունների մակարդակում են։ Բացի այդ, ՀՀ ԶՈՒ սպառազինության կորիզը այսպես թե այնպես հիմնված է ռուսական սպառազինությունների վրա, և այս ոլորտում համագործակցության խոչընդոտումն ու կասեցումը կարող է վերջնականապես կոտրել ՀՀ ԶՈՒ մարտունակությունը, քանի որ անցումը սպառազինության այլ մոդելի ենթադրում է երկարաժամկետ գործընթաց՝ դրանից բխող հետևանքներով։

‼️Մյուս պնդումն այն մասին է, թե ՌԴ-ն չի ուզում ԼՂ հարցի լուծում, որպեսզի պահպանի ազդեցությունը Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ։ Իսկ այս իրավիճակում ո՞վ է ուզում ԼՂ հարցի վերջնական լուծում, կամ ավելի կոնկրետ ո՞վ է նշում, որ ԼՂ հարցը «լուծված է»։ Պատասխանն ակնհայտ է․ պատերազմում տարած հաղթանակի և թուլացած Հայաստանի պայմաններում միայն Ադրբեջանն ու Թուրքիան են շահագրգռված, որ Արցախի հարցը արագ լուծվի՝ բնականաբար ոչ ի նպաստ հայկական կողմի։ Դրանում շահագրգռված են նաև այն ուժերը, որոնք ուզում են, որ Ռուսաստանը կորցնի Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ իր ազդեցությունը։ Ի՞սկ ինչ է ուզում Հայաստանը, նույնպես շահագրգռված է ԼՂ հարցի արագ և ոչ հայանպաստ «լուծմամբ», թե՞ Ադրբեջանի նման այն լուծված է համարում՝ ինչ է թե դրանով նվազեցնի տարածաշրջանում ՌԴ ազդեցությունը։

‼️Հեղինակը փորձում է ապացուցել, թե ՌԴ-ն ՀՀ ինքնիշխան տարածքով միջանցքի անցկացման հարցում նույնքան շահագրգիռ է, որքան Թուրքիան և Ադրբեջանը, և սա այն պարագայում, որ 2 տարի շարունակ իշխող ուժը փորձում է հայ ժողովրդին համոզել, թե ճանապարհների ապաշրջափակման, իսկ Ադրբեջանի ընկալմամբ «միջանցքի» տրամադրման թիվ մեկ շահառուն Հայաստանն է։ Ակնհայտ է, որ եթե ապիկար կառավարման և պատերազմը տանուլ տալու պատճառով ՀՀ իշխանությունները այդ «միջանցքի» ձևավորումը անխուսափելի են դարձրել, ապա Մոսկվան գերադասում է գոնե վերահսկողություն ունենալ դրա նկատմամբ։ Չէ որ ակնհայտ է, որ հակառակ պարագայում այդ վերահսկողությունը ՌԴ ձեռքից փորձելու են խլել Թուրքիան և Ադրբեջանը՝ հիմնավորելով, թե Հայաստանը չի կարող ապահովել թուրք-ադրբեջանական փոխադրումների անվտանգությունը։ Միաժամանակ, այդ միջանցքի՝ ՌԴ համար աշխարհաքաղաքական կարևորության վերաբերյալ դատողությունները որևէ քննադատության չեն դիմանում, եթե հաշվի առնենք տարածաշրջանում մի շարք այլընտրանքային հաղորդակցությունների առկայությունը։

‼️Ադրբեջանը փորձում է ոչ թե ՌԴ-ից ԵՄ գազի և նավթի արտահանման «հարթակ դառնալ», այլ ներկայանալ որպես ԵՄ համար ռուսական գազի և նավթի այլընտրանք՝ իր ծրագրերում ակտիվորեն ներգրավելով միջինասիական այլ երկրների, ինչպիսիք են Թուրքմենստանը, Ղազախստանը, Ուզբեկստանը։ Ադրբեջանի նավթա-գազային ոլորտում ռուսական ընկերությունների մասնաբաժինը, ի տարբերություն արևմտյան ընկերությունների, աննշան է, իսկ ներկայիս աշխարհաքաղաքական իրավիճակում, երբ ՌԴ-Արևմուտք սուր հակամարտության պայմաններում Մոսկվան փորձում է սեփական էներգակիրները կիրառել որպես զսպող գործոն, դժվար թե շահագրգիռ լինի ԵՄ համար այլընտրանքային ուղիների ձևավորմամբ, առավել ևս երբ փաստացի տիրապետում է սեփական հսկայական ենթակառուցվածքների։ Այսինքն, հեղինակը, փորձելով հիմնավորել, թե իբր ռուս-ադրբեջանական շահերը համընկնում են նույնիսկ այս կետում, պարզապես նպատակ է հետապնդում ընթերցողի մոտ էլ ավելի խորացնել Ռուսաստանի նկատմամբ անվստահությունն ու կասկածամտությունը։

🔻Այսպիսով, եթե խմբագիր-վարչապետի երեկվա հոդվածը նպատակ էր հետապնդում հող նախապատրաստելու Ադրբեջանին հերթական անընդունելի զիջումներ անելու և/կամ հնարավոր նոր պատերազմն արդարացնելու համար, ապա այսօրվա հոդվածը ծառայում է բացառապես մեկ նպատակի․ այն է, հնարավորինս դեմոնիզացնել Ռուսաստանի Դաշնության՝ որպես Հայաստանի ռազմավարական դաշնակցի կերպարը՝ հող նախապատրաստելով աշխարհաքաղաքական կտրուկ շրջադարձերի համար։

Հ.գ. Դե ֆակտո վարչապետին պատկանող թերթը՝ նույն ինքը «խմբագիր-վարչապետը», այլոց ցանկությունները կամ դրանց մասին սեփական պատկերացումները ներկայացնելուց առաջ ճիշտ կաներ հանրության տեղեկացնել, թե ինչ է ուզում ինքը։ Որո՞նք են իր կարմիր գծերը, Հայաստանի ինքնիշխանության և աշխարհաքաղաքական գործընթացների վերաբերյալ իր պատկերացումները՝ հստակ և առանց երկիմաստությունների։ Միայն դրանից հետո իմաստ կունենար քննարկել այլոց ցանկություններն ու մոտեցումները՝ կայացնելու համար Հայաստանի և Արցախի անվտանգային շահերից բխող ամենակենսունակ որոշումները։

Դերենիկ Խաչատրյան