Հայաստանի «փրկության» ԼՏՊ-նիկոլական ծրագիրը վտանգի տակ է

Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը 26.09.2022թ. հարցազրույցի ժամանակ հետաքրքիր բացահայտում կատարեց:

  1. Հերթական անգամ ապացուցվում է, որ Լևոն Տեր-Պետրոսյանն է կանգնած Նիկոլ Փաշինյանի ծրագրի ակունքում:

Ըստ 2015թ. Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթի (01.03.2015թ.) առանց հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման, տարածաշրջանում տնտեսական զարգացման և անվտանգ գոյության հեռանկար չկա: Այս գիծը փայլուն կերպով առաջ է տանում Նիկոլ Փաշինյանը:

Նույն օրվա ելույթում Լևոն Տեր-Պետրոսյանը (ԼՏՊ) հեռավոր 2015 թվականից մի ոտանավոր է արտասանել կոչելով այն ընդդիմության կոդավորված ստրատեգիական պլան և համարելով այն Բեռլինի գրավումից ավելի հանճարեղ պլան: (ելույթի տեսանյութը և տեքստն այս հղումով՝ https://www.youtube.com/watch?v=iwjZlHqogFA)

Ու ի զարմանս մեզ այդ պլանն իրականացավ: Քաղաքացիական պայմանագիր կուսակցության (որի ստեղծման գործընթացը սկսվել է 2015թ-ի մայիսի 30-ին կայացած հիմնադիր համաժողովով) անդամները 2018թ. ապրիլ-մայիսին այդ «հանճարեղ» պլանն իրագործեցին և նշեցին Առաջին Հանրապետության 100 ամյակը (28.05.2018թ. Սարդարապատում)՝ առանց ռեժիմի:

Հատկանշական է, որ Լևոն Տեր-Պետրոսյանն այդ «մարգարեությամբ» Նիկոլ Փաշինյանի թիմին առնվազն 2 հատկանիշ է վերագրում՝

1) հակառուս (ըստ ոտանավորի՝ Պուտինի հրաժարականի պահանջը կրծքի տակ).

2) գլոբալիստ (բաբելոնյան աշտարակի նոր շինարար):

Նիկոլ Փաշինյանի թիմն այս 4 տարիների ընթացքում բազմակի անգամ ապացուցել է իր վերոգրյալ հատկանիշները՝ թիրախավորել է գլոբալիզմի խոչընդոտ համարվող ազգային հիմնական ինստիտուտները՝ եկեղեցին, բանակը, ընտանիքը, ինչպես նաև արժեքային համակարգը, և ամեն ինչ «տակից» արել է հայ-ռուսական հարաբերությունները փչացնելու համար:

Եթե ինձ կմեղադրեք դավադրության տեսությանը հետևելու հարցում, ապա խնդրում եմ բացատրեք, թե ԼՏՊ-ն իր պատկառելի տարիքով, կարգավիճակով ու գիտակցությամբ ինչու՞ է նման «մարգարեական» ոտանավոր արտասանում:

  1. Ինչու՞ է Լևոն Տեր-Պետրոսյանն ակտիվացել:

ԼՏՊ-ն 26.09.2022թ. հարցազրույցի ժամանակ մի քանի բացահայտում արեց՝

1) Միևնույն է վատ է լինելու, պետք է օգնել Նիկոլ Փաշինյանին ավելի մեղմ վատն ընտրի.

2) Նիկոլ Փաշինյանը վախենում է այդ նոր փաստաթուղթը ստորագրելուց.

3) Լևոն Տեր-Պետրոսյանը ստանձնում է նոր ծրագրի պատասխանատվությունը և փորձում է մյուսներին էլ ներգրավել:

Նույն հարցազրույցի ժամանակ ԼՏՊ-ն մի քանի հակասական մտքեր ներկայացրեց՝

1) ասեց չգիտեմ Նիկոլ Փաշինյանի և գերտերությունների ղեկավարների հետ ինչ պայմանավորվածություններ կա, բայց արդեն խնդրի լուծման տարբերակ ուներ, նշելով, որ պետք է ընտրել ամենամեղմ վատը.

2) այն հարցին, թե ստորագրելուց հետո, եթե ադրբեջանական կողմը շարունակի ավելին պահանջել, ԼՏՊ-ն փորձեց անլրջացնել հարցը, այն դեպքում, երբ եռակողմ 09.11.2020թ. ստորագրած փաստաթուղթը բազմիցս կոպիտ կերպով ադրբեջանական կողմը խախտել և խախտում է.

3) նշեց, թե ինչպես կարող են վստահել Նիկոլ Փաշինյանին, եթե նա մի բան պատմի, բայց պարզվի, որ դա իր տպավորությունն էր և ոչ թե իրական միտքը, այն դեպքում, երբ ինքն առաջարկում է այդ նույն անվստահելի մարդու հետ գործակցելով խնդիրը լուծել:

ՀԵՏԵՎՈՒԹՅՈՒՆ. Հայաստանի «փրկության» ԼՏՊ-նիկոլական ծրագիրը վտանգի տակ է:

14.09.2022թ. ինքնաբուխ հանրահավաքը, որն արտահայտում էր հանրության արդարացի զայրույթը և ժողովրդի արթնացման ազդանշան էր, շատերի ծրագրերը խառնել է: Նիկոլ Փաշինյանը զգուշանում է, իսկ Լևոն Տեր-Պետրոսյանը փորձում է անձամբ առաջ տանել ծրագիրը:

Հ.Գ. Հանձնվելու դեպքում, այսպես, թե այնպես պարտված ես՝ առանց գոյատևման երաշխիքի: Պայքարելու դեպքում, ՈՒՆԵՍ հաղթելու հնարավորություն:

 

Արա Զոհրաբյան