Հայաստանում նվազագույն կենսաթոշակի չափը սահմանվեց 31 հազար 600 դրամ

ՀՀ կառավարությունը համապատասխան որոշմամբ նվազագույն կենսաթոշակի չափը բարձրացրեց՝ սահմանելով 31 հազար 600 դրամ. սա թույլ կտա ապահովել, որ Հայաստանում բացառապես բոլորի թոշակները առնվազն 3000 դրամով բարձրանան: Կառավարության սեպտեմբերի 8-ի նիստում  նիստը վարող փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանին խնդրեց ներկայացնել չզեկուցվող և ընդունված հարցը:

«Ինչպես նախորդ կառավարության նիստի ժամանակ վարչապետը ներկայացրեց, նախատեսում ենք թոշակների բարձրացում մինչև առնվազն 3000 դրամով: Սեպտեմբերի 1-ից բազային կենսաթոշակի չափը սահմանվեց 21 հազար դրամ՝ 18 հազար դրամի փոխարեն: Իսկ նվազագույն կենսաթոշակի չափը 28 հազար 600 դրամի փոխարեն սահմանվեց 30 հազար 500 դրամ: Գործող բանաձևով և օրենքով՝ կենսաթոշակառուների որոշակի խումբ ավելի քիչ էր ստանում, քան 3000 դրամը, և մենք որոշեցինք բարձրացնել՝ նվազագույն կենսաթոշակի չափը հասցնելով 31 հազար 600 դրամի, որը կերաշխավորի, որ բոլոր կենսաթոշակառուները ստանան մեր խոստացած 3000 դրամը: Նախագծի ընդունման արդյունքում 16 հազար 600 կենսաթոշակառուների և 5186 զինկենսաթոշակառուների ու շուրջ 75 հազար նպաստառուների համար սեպտեմբերի 1-ից կավելանան կենսաթոշակն ու նպաստները»,-ասաց Մկրտչյանը:

Այսինքն՝ այն խումբը, որոնց թոշակը մինչև այս որոշումը սահմանված օրենքով և բանաձևով բարձրացել էր 1900 կամ 2500 դրամով, հոկտեմբերի կենսաթոշակի հետ կստանա մնացած հատվածը:

Իսկ ինչ վերաբերում է 75 հազար նպաստառուներին՝ նախարարը պարզաբանեց, որ նրանք ծերության նպաստ ստացողներն են, որոնց մոտ բարձրացումը տեղի է ունենում ոչ թե Կենսաթոշակառուների մասին օրենքով, այլ Նպաստառուների մասին օրենքով:

«Հետևաբար մենք որոշեցինք, որ նաև պետք է իրենց նպաստը բարձրացնենք, որպեսզի նվազագույն կենսաթոշակի չափին համահունչ լինի: Ընդհանուր առմամբ 97 հազար շահառուի համար սեպտեմբերի 1-ի կավելանան կենսաթոշակն ու նպաստները, որը նրանք կստանան հոկտեմբեր ամսվա թոշակի հետ միասին»,-ներկայացրեց նախարարը: