Սևանում սիգի որսի թույլատրելի ծավալը կրկնակի ավելացել է
Սևանում սիգի որսի ծավալը ևս 300 տոննայով կավելացվի, որսի ժամկետն էլ կերկարաձգվի մինչև նոյեմբերի 20-ը։ Համապաատսխան որոշումն ընդունվել է գործադիրի այսօրվա նիստում՝ առանց զեկուցման։
Ինչպես նշված է որոշման նախագծի մեջ, աշնանային որսաշրջանի համար նախատեսված որսաքանակը սահմանվել է ՝ հիմք ընդունելով ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի, «Սևան» ազգային պարկի, Գեղարքունիքի մարզպետարանի, Գեղարքունիքի մարզը ներկայացնող ԱԺ պատգամավորների, ինչպես նաև ձկնորսների և այլ շահագրգիռ անձանց հետ քննարկումները։
«Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի կողմից իրականացվել է Սևանա լճում ձկան պաշարների գնահատման համար լրացուցիչ ուսումնասիրություններ, որոնց արդյունքում ձեռք բերված տվյալների հիման վրա գիտական կենտրոնի կողմից 2022 թվականի սեպտեմբերի 1-ից մինչև նոյեմբերի 20-ը ընկած ժամանակահատվածի համար առաջարկվել է սիգի արդյունագործական որսի ևս 300 տոննա չափաքանակ»,-ասված է հիմնավորման մեջ։
Որսի ժամանակահատվածը նախկինում մարտի 1-ից մինչև սեպտեմբերի 1-ն էր, իսկ արդյունագործական որսի ծավալը 300 տոննա էր։