Թբիլիսիում կայացել է Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի կապի նախարարների հանդիպումը

Թուրքիայի կապի և ենթակառուցվածքների նախարար Ադիլ Քարաիսմայիլօղլուն Թբիլիսիում հանդիպել է Վրաստանի փոխվարչապետ, էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար  Լևան Դավիթաշվիլու, ինչպես նաև Ադրբեջանի թվային զարգացման և տրանսպորտի նախարար Ռաշադ Նաբիևի հետ, գրում է ermenihaber.am-ը:

Հանդիպումն անցկացվել է մամուլի համար փակ դռների հետևում, որից հետո թուրք նախարարը թուրքական Anadolu պետական լրատվական գործակալության հետ զրույցում գնահատել է Վրաստան կատարած այցը:

Ըստ  Քարաիսմայիլօղլուի՝ քննարկվել են հաղորդակցության ոլորտում համագործակցությանը առնչվող հարցեր:
Ընդգծելով, որ Թուրքիան, Վրաստանը և Ադրբեջանը «բարեկամ և եղբայրական երկրներ են»՝ նա նշել է, որ շարունակվում են բանակցությունները երեք երկրների միջև «տրանսպորտային միջանցքների հետագա զարգացման համար»։

«Այս բանակցությունների արդյունքում մեր երկրները կշահեն, և որքան ուժեղ լինեն այդ տրանսպորտային միջանցքները, այնքան կզարգանա մեր միջև համագործակցությունը ինչպես սոցիալական, այնպես էլ տնտեսական մակարդակներում»,-ասել է նախարարը։

Նա գնահատելով հաղորդակցության ոլորտում գոյություն ունեցող համագործակցությունը Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի միջև, կարևորել է «Միջին միջանցքը» և հիշեցրել  Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու (BTK) և Մարմարայի նախագծի իրականացման մասին:

«Այժմ սկսել են գործել Չինաստանից Լոնդոն առանց դադարի գնացքները։ Այսուհետ մենք քննարկում ենք, թե ինչ կարելի է անել այս ներուժն էլ ավելի մեծացնելու համար»:

Նախարարը նաև տեղեկացրել է, որ քննարկվել են ոչ միայն բեռնափոխադրումների հետ կապված հարցեր, այլև ուղևորափոխադրման հարցը:

Ըստ թուրք պաշտոնյայի՝ ապագայում ևս կիրականացվեն նմանատիպ բանակցություններ, որպեսզի երեք երկրները կարողանան ավելի շատ եկամուտներ ստանալ տրանսպորտի ոլորտում։