Բունդեսթագի պատգամավորները դիմել են ԱԺ-ին՝ վրաերթի ենթարկված Սոնա Մնացականյանի գործի արդար դատավարության համար

Բունդեսթագի պատգամավորները դիմել են ՀՀ Ազգային Ժողովին Սոնա Մնացականյանին վրաերթի
ենթարկելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործն օրենքի գերակայությամբ իրականացվող
դատավարության արդյունքում լուծելու և հնարավոր մեղավորների նկատմամբ արդարադատություն
ապահովելու հույսով։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է պաշտպան Րաֆֆի Ասլանյանը

«Գերմանիայի խորհրդարանի՝ Բունդեսթագի պատգամավորները դիմել են ՀՀ Ազգային Ժողովին՝
վարչապետին ուղեկցող ՃՈ ավտոմեքենայի վարորդի կողմից Սոնա Մնացականյանին վրաերթի ենթարկելու
դեպքի առթիվ հարուցված քրեական գործն օրենքի գերակայությամբ իրականացվող դատավարության
արդյունքում լուծելու և հնարավոր մեղավորների նկատմամբ արդարադատություն ապահովելու հույսով»,-
նշված է գրառման մեջ:
Նրանք հայ պատգամավորների ուշադրությունն են հրավիրել տեղի ունեցածին՝ խնդրելով ուշադիր հետևել
գործին, արդարադատություն հաստատել Սոնա Մնացականյանի և նրա ընտանիքի նկատմամբ:
«Ժողովրդավարական և քաղաքացիական հասարակության համակեցության հիմնաքարերից մեկը, որին
Հայաստանը ձգտում է, և որը պաշտպանել է նաև Սոնա Մնացականյանը ողջ կյանքում՝ օրենք է, որի առջև
բոլոր մարդիկ հավասար են՝ անկախ նրանց կոչումից և դիրքից»,- ասված է նամակում: