Սահմանազատումը ժամանակ պահանջող գործընթաց է. Բայրամովը՝ Ադրբեջանի և Հայաստանի սահմանի մասին

Հաշվի առնելով Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունները՝ սահմանների սահմանազատման գործընթացը հեշտ գործընթաց չի լինի, կլինեն զգայուն պահեր։ Այս մասին, ըստ АПА-ի, հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։
«Սահմանների որոշման հանձնաժողովների ձևավորումն ինքնին բարդ գործընթաց էր։ Հայաստանն ուներ նախապայմաններ։ Նրանք պահանջում էին միջոցներ ձեռնարկել ադրբեջանական զինծառայողների դեէսկալացիայի և սահմանից դուրս բերելու հետ կապված»,- ասել է ադրբեջանցի նախարարը։
«Սակայն Ադրբեջանը հայտնել է իր դիրքորոշումը։ Մենք կարծում ենք, որ կանգնած ենք մեր սահմաններին, և մեր պարտքն է պաշտպանել մեր սահմանները։ Այս գործընթացն անհրաժեշտ է իրականացնել ուսումնասիրելով պատմական, իրավաբանական փաստաթղթերը՝ մասնագետների մասնակցությամբ բանակցությունների միջոցով։ Սահմանազատումը ժամանակ պահանջող գործընթաց է: Այն հնարավոր չի սկսել ցանկացած ժամանակ և ավարտել կարճ ժամանակում։ Հաշվի առնելով Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունները՝ սա հեշտ գործընթաց չի լինի, կլինեն զգայուն պահեր։ Բայց մենք կարծում ենք, որ հանձնաժողովն ինքնին արդեն առաջընթաց է։ Առաջին հանդիպումն արդեն կայացել է։ Չի բացառվում հերթական հանդիպումների անցկացումը»,- ասել է նախարարը։