Ալեն Սիմոնյանը հանդիպել է Իրանի ԱԳ նախարարին

Պաշտոնական այցով Իրանի Իսլամական Հանրապետությունում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հանդիպել է ԻԻՀ արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանին:

Ինչպես հայտնում են ԱԺ-ից, Ալեն Սիմոնյանը նշել է, որ Իրանի հետ փոխադարձ հարգանքի ու վստահության վրա կառուցված երկկողմ հարաբերությունները մեծ կարևորություն ունեն Հայաստանի համար, քանի որ Իրանը ոչ միայն հարևան պետություն է, այլ նաև առևտրային կարևոր, հուսալի և վստահելի գործընկեր:

ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ տարբեր հարթակներում Հայաստանը, մշտապես հաշվի առնելով բարեկամ Իրանի շահերը, հնարավորինս աջակցել է նրա դիրքորոշմանը և ակնկալում է համապատասխան վերաբերմունք Իրանից՝ հավելելով, որ հայ-իրանական համագործակցությունը միշտ նպաստել ու նպաստելու է տարածաշրջանային խաղաղության և կայունության ամրապնդմանը:

Կողմերն անդրադարձել են ադրբեջանաթուրքական տանդեմի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծված պատերազմին և դրա հետևանքով ստեղծված իրավիճակին ու չլուծված բազմաթիվ հումանիտար խնդիրներին, մասնավորապես, ռազմագերիների վերադարձի հարցին:

«Կարծում եմ, որ Իրանի՝ բարեկամ պետության անաչառ մոտեցումը միջազգային և տարածաշրջանային հարթակներում շրջանառվող ադրբեջանամետ նախաձեռնությունների վերաբերյալ լուրջ ներդրում կունենա Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման համար»,-ասել է Սիմոնյանը:

Կողմերը խոսել են նաև Սյունիքում իրանական կողմի ներդրումային հետաքրքրություններից: Այս առումով ԱԺ նախագահը կարևորել է Կապանում ԻԻՀ գլխավոր հյուպատոսության հիմնումը, ինչպես նաև, փոխադարձաբար, Թավրիզում՝ ՀՀ գլխավոր հյուպատոսություն բացելու անհրաժեշտությունը:

Նշենք, որ Հայաստանի Հանրապետության ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությանն այսօր ընդունել էր նաև Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռայիսին։Հանդիպման ընթացքում քննարկվել էր տարածաշրջանում կայունություն ստեղծելու կարևորությունը։

Ալեն Սիմոնյանը հանդիպել էր նաև ԻԻՀ Մեջլիսի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆի հետ։