Հերթական աբսուրդային որոշումը ԿԳՄՍՆ-ի կողմից․ չեղարկվում են ժողովրդական և վաստակավոր արտիստի ու նկարչի կոչումները

Հերթական աբսուրդային ժանրի որոշում ԿԳՄՍ-ի կողմից, որը հանդես է եկել մի նախաձեռնությամբ, ըստ որի չեղարկվում է ժողովրդական և վաստակավոր արտիստի ու նկարչի կոչումները:

Ուրեմն, սրանք նախատեսում են փոփոխություններ կատարել «ՀՀ պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքում։

Հիմա` ուշադրությու՜ն:

Որպես վաստակի գնահատման չափանիշ՝ կպահպանվեն ՀՀ արվեստի վաստակավոր գործչի և ՀՀ մշակույթի վաստակավոր գործչի պատվավոր կոչումները, որոնք, ըստ նախարարության, առավել ընդգրկուն եզրույթներ են և ներառում են դաշտն ամբողջապես։

Այսինքն, եթե դու նկարիչ ես կամ արտիստ` դու ստանում ես նույն արվեստի կամ մշակույթի վաստակավոր կոչումը, և ստացվում է, որ արդեն էական չէ քո ուղղվածության և գործունեության պրոֆիլը: Ով կհասկանա իմաստը` խնդրում եմ, արձագանքե՜ք:

Եվ բացատրվում է դա նրանով, որ նշյալ պատվավոր կոչումները` սովետական մշակութային համակարգի վերապրուկներ են և քաղաքակիրթ առաջատար մշակույթ ունեցող երկրներում չեն գործում արվեստագետի արժևորման նման ձևաչափեր:

Նախ և առաջ, տիկնայք և պարոնայք, դուք ի՞նչ գործ ունեք օտար երկրների հետ: Ինչու՞ եք անում ամեն ինչ, որպեսզի մենք նմանվենք այլ երկրներին, եթե մենք ունենք մեր սեփական պետականությունը, մշակույթն ու օրենքները:

Երկրորդը. ի՞նչ է նշանակում «սովետական վերապրուկներ» արտահայտությունը:

Եկեք հասկանանք, թե մեր երկրում ՀՀ վաստակավոր արտիստի կոչումն ինչ է իրենից ներկայացնում և երբվանից է գործում:

Վերոհիշյալ կոչումը հիմնադրվել է 2002 թվականին ընդունված «Գիտության, կրթության, ժուռնալիստիկայի, մշակույթի, արվեստի, առողջապահության, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառներում Հայաստանի Հանրապետության պատվավոր կոչումների մասին» Հայաստանի օրենքով։ Ասեմ, որ այս պատվավոր կոչումը ընդօրինակվել էր գերմանական պատվավոր կոչումից, որը տրվում էր օպերային երգիչներին։ Պատմականորեն այն տրվել է արքայազների կամ թագավորների կողմից։ Այնպես որ չգիտեմ, թե ինչու եք հիշատակում ԽՍՀՄ-ն այս դեպքում:

Ես հասկանում եմ, որ ԿԳՄՍ-ն` դա անհասկանալի հիմնարկ է, որտեղ անհասկանալի մասնագիտությունների տեր մարդիկ որոշում են մի բան անել, որ ցույց տան, որ իբր գործ են անում, բայց լավ, այսքան հիմար որոշու՞մ:

Սրանք ասում են, որ որևէ արվեստագետի/մշակութային գործչի ժողովրդական լինելը չի կարող սահմանվել այս կամ այն փորձագիտական խմբի հայեցողությամբ: Չկան ժողովրդականության չափման օբյեկտիվ չափանիշներ և «ժողովրդական» կոչումն ունի զուտ բարոյական նշանակություն, որն արտացոլում է ստեղծագործողի ժողովրդականությունն ու հանրային ճանաչելիությունը, ինչը չի կարող վավերացվել որևէ մարմնի կողմից:

Ինձ մեկ հարց է հետաքրքրում. դուք տեղյակ ե՞ք ընդհանրապես, թե ինչ է նշանակում ժողովրդական արտիստ լինելն ու վաստակավոր արտիստ լինելը:

Ժողովրդական արտիստի կոչումը տրվում է արվեստի զարգացման գործում նշանակալի և ծանրակշիռ վաստակի համար, ժողովրդին հոգեհարազատ և սիրված լինելու համար: Շատ բարձր կոչում է, ի դեպ:

Վաստակավոր արտիստի կոչումը տրվում է բարձր վարպետության և արվեստի զարգացման գործում ունեցած մեծ վաստակի և ներդրման համար:

Չի՜ կարելի խառնել այս երկու կոչումները հերիք չէ, մի բան էլ միացնել իրար մշակույթի պես լայն ոլորտի ուղղությունները: Իհարկե, դուք դա դժվար հասկանաք, որովհետև միացնել սպորտի, մշակույթի, գիտության և կրթության ոլորտներն իրար` մարազմի գագաթնակետն էր:

Ես կարող եմ կռահել միայն, թե ինչու եք կայացրել նման որոշում, բայց ամեն դեպքում ուզում եմ ձեզ հիշեցնել, որ ՀՀ ժողովրդական արտիստների ցուցակում է, օրինակ. Լոռենց Առուշանյանը, Ազատ Գասպարյանը, Արթուր Գրիգորյանը, Գալյա Նովենցը, Ռոբերտ Սահակյանցը, Ալբերտ Մկրտչյանը, Մելիք Մավիսակալյանն ու այլոք: Իրենց է՞լ եք զրկելու:

Դուք զրկելուց, փակելուց, փչացնելուց բացի ուրիշ գործ չեք կարո՞ղ անել:

Ի դեպ, հիշեցի այսօր այն արտիստներին, ովքեր 2018-ին հրաժարվել են իրենց կոչումներից այնպես, կարծես թե այդ կոչումները Սերժ Սարգսյանն անձամբ էր որոշել հանձնել և անձամբ էր պատրաստել կրծքանշանները: Նման պետական կոչումներով տվյալ մարդուն պարգևատրում է պետությունը, իսկ Նախագահն ընդամենը հանձնում:

Ես չգիտեմ, թե էլ ինչ եք ուզում չեղարկել, բայց ձեր ողջ խունտայի ճակատներին դաջված է վաստակավոր և ժողովրդական դավաճանների պիտակն ու կոչումը, որը երբեք չի լինի մաքրել:

 

Աննա Հովների ֆեյսբուքյան էջից