Ալիևը հայտարարել է, թե Ադրբեջանն իրավունք ունի պահանջել բացել «Զանգեզուրի միջանցքը»
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» շուտափույթ բացումը տարածաշրջանում «խաղաղության» ապագայի հիմնարար տարրերից մեկն է, գրում է minval.az-ը։
«Եթե մեզ հասանելիություն չտրվի, ապա դժվար կլինի խոսել խաղաղության մասին, և Ադրբեջանի բոլոր ջանքերը՝ ուղղված Հայաստանի հետ նորմալ համակեցություն և բարիդրացիական հարաբերություններ հաստատելուն, կտապալվեն»,- ասել է Ալիևը Բաքվում «Գլոբալ աշխարհակարգի սպառնալիքները» թեմայով IX Գլոբալ համաժողովի բացման ժամանակ։
Նրա կարծիքով՝ Ադրբեջանն իրավունք ունի պահանջել բացել «Զանգեզուրի միջանցքը», քանի որ Հայաստանը ստորագրել է համապատասխան հայտարարությունը։
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կատարում գտնվելու ժամանակ «Ալ Ջազիրա»-ին տված հարցազրույցում հայտարարել էր, որ ՀՀ կառավարության համար անընդունելի է Հայաստանի ու Ադրբեջանի միջև երկաթուղային ու ավտոմոբիլային ճանապարհներն իրար կապող հատվածը «միջանցք» անվանելը։
«Մեր տարածաշրջանում, համաձայն եռակողմ հայտարարության, ունենք մեկ միջանցք, և դա Լաչինի միջանցքն է, որը կապում է Լեռնային Ղարաբաղը Հայաստանին։ Բայց մեր եռակողմ հայտարարության մեջ ունենք մեկ այլ դրույթ, որը հաղորդակցությունների բացման մասին է»,– նշել է Փաշինյանը` նկատի ունենալով` երկաթուղիները, ճանապարհները։