Մանդատները մեզ դեռ պետք են գալու․ թե կարող են՝ թող զրկեն. Իշխան Սաղաթելյան

Էդ մանդատները իրենց հոր տնից չեն բերել, որ զրկեն, այդ մանդատները մեզ տվել է ժողովուրդը: Այս մասին, այսօր՝ հունիսի 16-ին, Ֆրանսիայի հրապարակին հարակից այգում կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ԱԺ փոխխոսնակ իշխան Սաղաթելյանը՝ անդրադառնալով ՔՊ-ական պատգամավոր Արթուր Հովհաննիսյանի՝ այսօրվա այն հայտարարությանը, թե հանրային պահանջ կա իրենց մանդատներից զրկելու, և այդ հարցը քննարկվում է:

«Անցած տարի 270 հազար քաղաքացի մեզ քվե է տվել այն ծրագրի համար, որը մենք ներկայացրել ենք: Այսօր մեր երկրի ու ժողովրդի կենսական շահերի օրակարգը փողոցում է: Մեզ մանդատ տված ժողովուրդը մեզնից ունի այդ ակնկալիքը:  Մենք հստակ հայտարարել ենք, որ խորհրդարան վերադառնալու ենք բացառապես մեր օրակարգով: Կլինեն օրակարգեր, որոնք կսպասարկեն մեր հայտարարած նպատակներին, մենք կլինենք ԱԺ-ում: Հակառակ պարագայում չենք գնալու մասնակցենք անիմաստ, երկրորդական օրակարգերի: Ինչ վերաբերում է մանդատերից զրկելուն՝ կարո՞ղ են՝ թող անեն»։

Իշխան Սաղաթելյանը նաև հայտարարեց, որ իրենք մանդատները վայր դնելու հարց չեն քննարկում, որովհետև այդ մանդատները ճիշտ օրերին և ճիշտ պահերին անհրաժեշտ են լինելու հաջողության հասնելու համար։