Անցած ուրբաթ տարօրինակ ակտիվություն է նկատվել Երևանի «Էրեբունի» ռազմական օդանավակայանում

Անցած ուրբաթ` հունվարի 10-ին, ցերեկվա ընթացքում տարօրինակ ակտիվություն է նկատվել Երևանի «Էրեբունի» ռազմական օդանավակայանում:

Էրեբունի համայնքից մեր աղբյուրների փոխանցմամբ, գրեթե 10 րոպեն մեկ նկատվել են հիշյալ օդանավակայանից վեր բարձրացած հարվածային ուղղաթիռներ, նույնիսկ նկատելի են եղել մարտական ուղղաթիռների հրթիռներով կախոցները:

Հայտնի չէ` դրանք Հայաստանի ռազմաօդային ուժերի ուղղաթիռնե՞րն են եղել, թե՞ Հայաստանում գտնվող ռուսական ավիաբազայի: Հայտնի չէ նաև, թե որ ուղղությամբ և ինչ նպատակով է եղել նրանց թռիչքը: Հայաստանի «պաշտպանության նախարարություն» կոչվածի կայքում չկա որևէ տեղեկատվություն, որը լույս կսփռեր վերոնշյալ հարցերի վրա կամ գոնե հուշող կլիներ տվյալ հարցում: Մասնավորապես` չկա որևէ տեղեկատվություն այդ օրը հայ- ադրբեջանական սահմանին կամ Արցախում իրավիճակի լարման վերաբերյալ: Մարտական վարժանքների վերաբերյալ տեղեկատվություն նույնպես չկա:

Համացանցում մեր որոնումների ընթացքում հաջորդ օրը` հունիսի 11-ին, գտանք մի տեղեկատվություն Հայաստանում ուղղաթիռների թռիչքի վերաբերյալ: Ըստ այդմ, «ՀՀ Շրջակա միջավայրի նախարարությունը տեղեկացնում է, որ Հայաստանում վարակված անտառները բուժելու նպատակով նաև ուղղաթիռներ են օդ բարձրանում»։

Սակայն, ինչպես վերն արդեն նշեցինք, ըստ տեղեկատվության մեր աղբյուրների, երկնքում հրթիռակիր, մարտական ուղղաթիռներ են եղել, որոնք հնարավոր չէ շփոթել երկնքից թունաքիմիկատներ փոշեցրող ուղղաթիռների հետ: