Հայաստանի տարածքը, սահմանները քայլ առ քայլ հանձնել են թշնամուն, բայց թլոզում են, թե արբանյակն օգտագործվելու է սահմանազատման գործընթացում

Հայաստանի տարածքը, մեր սահմանները քայլ առ քայլ հանձնել են թշնամուն, բայց հասարակության զոմբիացված, նաև անտեղյակ ու միամիտ հատվածին թլոզում են, թե Հայաստանի արբանյակը սահմանազատման գործընթացում օգտագործվելու է:

Հայաստանի «Անվտանգության խորհուրդ» կոչվածի քարտուղար Արմեն Գրիգորյանը վերջերս «Սիվիլնեթ»-ին տված հարցազրույցում անդրադառնալով «հայկական» առաջին արբանյակի կարողություններին, ասել է . որ արբանյակի կարողությունները միջինից բարձր են և դա մեզ հնարավորություն է տալու բազմաթիվ խնդիրներ լուծել՝ գյուղատնտեսականից սկսած, մինչև սահմանազատման գործընթացներ: Սահմանազատման գործընթացում այն օգտագործվելու է»:

Նախ ակնհայտ է, որ Հայաստանի ԱԽ քարտուղարի պաշտոնը զբաղեցնողը նույնիսկ չի տարբերում սահմանազատման գործընթացը սահմանագծման գործընթացից, որովհետև այս դեպքում կարող էր խոսք լինել ոչ թե սահմանազատման, այլ միայն դրան նախորդող սահմանագծման գործընթացի մասին:

Եվ երկրորդ. ինչպե՞ս չհարցնել` Հայաստանի ԱԽ քարտուղարի պաշտոնը զբաղեցնողն այդ ո՞ւմ է հիմարի տեղ դրել… Նիկոլն ու նրա իշխանությունը Քառասունչորսօրյա պատերազմից հետո էլ շարունակել են մեր սահմանները քայլ առ քայլ հանձնել թշնամուն, բայց հասարակության զոմբիացված, նաև անտեղյակ ու միամիտ հատվածին այսօր թլոզում են, թե Հայաստանի արբանյակն օգտագործվելու է սահմանազատման գործընթացում: Լեռների, կիրճերի, ձորերի, ճանապարհների, հարթավայրերի մի մասի վրա հո չի՞ գրված Հայաստան, մյուս մասի վրա` Ադրբեջան, որպեսզի տիեզերքից արբանյակի միջոցով նայեն, նկարեն, գցեն- բռնեն և որոշեն, թե որտեղով պետք է գծվի Հայաստանի և Ադրբեջանի սահմանը:

Եթե նույնիսկ համարենք, որ «հայկական» արբանյակն իսկապես օգտագործվելու է սահմանագծման գործընթացում, ապա այդ «օգտագործումն» այսօր գոյություն չունեցող լումայի արժեքն էլ չունի: Ինչո՞ւ…

Այն պարզ պատճառով, որ արբանյակը որևէ սահմանագծման գործընթացում կարող է օգտագործվել միայն այն դեպքում, երբ այն և (կամ) կառավարման կենտրոնն ապահովված են աշխարհագրական կոորդինատներով, քարտեզների պատկերներով, մասշտաբներով, գեոդեզիական տվյալներով, համապատասխան ծրագրերով, իսկ մեր դեպքում պարզ է, որ «հայկական» արբանյակ ու դեռ գոյություն չունեցող կառավարման կենտրոն չեն մուտքագրվելու արդար, օբյեկտիվ սահմանագծման պահանջներից (նույնական հայկական շահերի հետ) բխող տվյալներ ու ծրագրեր, դրանք լինելու են ադրբեջանական, Ադրբեջանի թելադրած ու նրա շահերից բխող:

Ադրբեջանը, նրա զինված ուժերը, ինչպես հայտնի է, այդպիսի կեղծ, շինծու տվյալների հիման վրա հայ- ադրբեջանական սահմանի առանձին հատվածներում ինքնագլուխ կերպով արդեն իսկ կատարել են «սահմանազատում»:

Այն, որ Նիկոլի իշխանությունը, թեկուզ «հայկական» արբանյակի օգտագործման դեպքում, սահմանագծումը կատարելու է Ադրբեջանի թելադրանքով, նրա շահերի ու պահանջների համաձայն, բխում է այն փաստից, որ Նիկոլի իշխանությունը, ըստ էության, հրաժարվել է սահմանագծումն իրականացնել ՌԴ ԶՈւ Գլխավոր շտաբում պահվող 1926թ. ռազմական քարտեզի հիման վրա, որը եղածների շարքում համեմատաբար ամենաարդար, ամենաօբյեկտիվ կերպով է ներկայացնում Հայաստանի և մեր տարածաշրջանում բուսած, արհեստածին պետության` Ադրբեջանի սահմանների իրական վիճակը:

 

Արթուր Հովհաննիսյան