Երևանի գինու օրերի ընթացքում հաշմանդամ զինծառայողները կվաճառեն իրենց ձեռքի աշխատանքները

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը (ԶԱՀ) 1-ին և 2-րդ խմբի զինհաշմանդամություն ունեցող շահառուների հետ միասին առաջին անգամ մասնակցելու է «Երևանի գինու օրեր» փառատոնին հունիսի 3-5-ը։

Հիմնադրամից հայտնում են, որ պատերազմում զինհաշմանդամություն ձեռք բերած մեր շահառուները երեք օր շարունակ տաղավարում ցուցադրելու և վաճառելու են իրենց ձեռագործ աշխատանքները, պատմելու են իրենց բիզնեսի, նպատակների և ապագայի պլանների մասին։ Նրանցից մի քանիսը բիզնեսը սկսել են պատերազմից հետո, ոմանք էլ նախկինում սկսած աշխատանքը նոր գաղափարներով և եռանդով շարունակում են նաև այսօր։ Սա ևս մեկ հնարավորություն է՝ ճանաչելի դարձնելու մեր տղաների պատմությունները։

«Փառատոնի շրջանակներում մենք նաև ներկայացնելու ենք մեր առաքելությունը, կատարած աշխատանքը, ապագայի տեսլականն ու ծրագրերը։ Ցանկացողները կարող են նաև նվիրաբերություն կատարել Հիմնադրամին տեղում՝ կանխիկ կամ քարտային փոխանցման եղանակով։

Սիրով սպասում ենք Ձեզ մեր տաղավարում՝ Թումանյան փողոցի հատվածում՝ հունիսի 3-ին, 4-ին և 5-ին՝ յուրաքանչյուր օր ժամը 16։00-ից մինչև  23։00-ն»,-նշում են հիմնադրամից։

ԶԱՀ-ը ստեղծվել է 2017 թվականին ապրիլյան քառօրյայից հետո հայրենիքի սահմանները պաշտպանելիս զոհված, անհայտ բացակայող, զինհաշմանդամության 1-ին և 2-րդ խումբ ձեռք բերած մարտիկների ու նրանց ընտանիքների սոցիալական բարօրության, կայուն և հավասար ապահովագրական հատուցումներ տրամադրելու նպատակով:

ԶԱՀ-ի միջոցները գոյանում են Հայաստանում ու Արցախում եկամուտ ստացող անձանց ամսական պարտադիր վճարներից, ինչպես նաև կամավոր նվիրաբերություններից, որոնք ստանում ենք աշխարհասփյուռ հայությունից։

Հիմնադրամի շահառուների պատմությունները՝ այստեղ։