Ռազմաուսումնական հաստատությունն ավարտած զինծառայողներն անհատույց օգտագործման իրավունքով ծառայողական բնակարաններ կստանան

Կառավարությունը հավանություն է տվել «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին: Օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է ռազմաուսումնական հաստատություններ ընդունելության, քաղաքացիների կողմից կադրային սպայական ծառայության ընտրության և ՀՀ զինված ուժերում պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու գրավչությունն ու շահագրգռվածությունը բարձրացնելու անհրաժեշտությամբ: Օրենքի նախագծի համաձայն՝ ռազմաուսումնական հաստատություն ընդունված զինծառայողների հետ կնքվող զինվորական ծառայություն անցնելու պայմանագրի ժամկետը սահմանվում է 20 տարի: Սահմանվում է նաև ռազմաուսումնական հաստատություն ավարտած և ՀՀ պաշտպանության նախարարության համակարգում սպայական պաշտոնի նշանակված սպայական կազմի զինծառայողների համար անհատույց օգտագործման և անհատույց սեփականության իրավունքով բնակարան ստանալու իրավունք, սահմանվում են անհատույց օգտագործման իրավունքով հատկացված բնակարանն անհատույց սեփականության իրավունքով տրամադրման, ինչպես նաև անհատույց օգտագործման իրավունքի դադարման պայմանները: Բնակարանն անհատույց օգտագործման իրավունքով հատկացնելու կարգը և պայմանները սահմանվելու են ՀՀ կառավարության որոշմամբ:

Ինչպես նշել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, գործընթացի շրջանակում նախատեսվում է 2022 թվականի հուլիսի 1-ից հետո ռազմաուսումնական հաստատություն ընդունված զինծառայողներին ուսումնառությունը ավարտելուց հետո հատկացնել անհատույց օգտագործման իրավունքով ծառայողական բնակարաններ։ «Իսկ 20 տարվա զինվորական ժամկետը լրանալու, ինչպես նաև մինչ պայմանագրի ժամկետը լրանալը առողջական վիճակի պատճառով զինվորական ծառայության համար ոչ պիտանի ճանաչվելու հիմքով պայմանագրային զինվորական ծառայությունից արձակվելու և հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունքի ձեռք բերելու դեպքում այդ բնակարանը զինծառայողին կտրամադրվի անհատույց սեփականության իրավունքով։

Բացի այդ, նախատեսվում է, որ պայմանագրի գործողության ժամկետի ընթացքում զինծառայողի զինվորական ծառայության հետ պատճառական կապով զոհվելու, մահանալու դեպքում, զինծառայողին անհատույց օգտագործման իրավունքով հատկացված բնակարանն անհատույց սեփականության իրավունքով տրամադրվում է նրա ընտանիքի անդամներին»,- ասել է նախարարը։

Արձագանքելով՝ Նիկոլ Փաշինյանը պարզաբանել է, որ ռազմաուսումնական հաստատություն ընդունված և ավարտած սպային է հատկացվելու պետական բնակարանը. «Այսինքն, իրենից միայն պահանջվում է ստանալ պատշաճ ուսումնառություն և ավարտել ռազմաուսումնական հաստատությունը: Սպան այդ պահին բնակարանը ստանում է և կարող է այն օգտագործել ինչպես ուզենա. կարող է բնակվել, կարող է վարձակալության տալ, բայց չի կարող օտարել, որովհետև լիարժեք սեփականության իրավունք չի ստանում: Օրինակ՝ մենք բնակարան ենք տալիս Երևանում, իսկ սպան ծառայություն է ստանում, ենթադրենք, Վանաձորում: Մենք սպային ասում ենք՝ դու այդ բնակարանդ կարող ես վարձով տալ, Վանաձորում բնակարան վարձել քեզ համար»:

Վարչապետը կարևորել է օրինագծի ընդունումը նաև ռազմաուսումնական կրթությունը խթանելու առումով: «Մենք պատրաստել ենք նաև Վազգեն Սարգսյանի անվան ռազմաուսումնական համալսարանի բարեփոխումների շատ լուրջ փաթեթ և՛ բովանդակային, և՛ ֆիզիկական ենթակառուցվածքի առումով: Իհարկե, գիտեք, որ մենք Զինված ուժերի բարեփոխումների շատ կարևոր փուլ ենք թևակոխում, և այս որոշումը, կարծում ենք, որ պիտի ունենա անկյունաքարային նշանակություն» – ասել է Նիկոլ Փաշինյանը: Վարչապետը հավելել է նաև, որ կառավարությունը պետք է գնա այս ճանապարհով. հնարավորություն ստեղծի զինվորականի համար կենտրոնանալ իր պրոֆեսիոնալ գործի վրա՝ ունենալով հնարավորինս շատ սոցիալական երաշխիքներ: