Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման վերաբերյալ նախատեսված հանդիպումը չի կայացել. Արարատ Միրզոյան

Հայաստան-Եվրամիություն գործընկերության խորհրդի նիստին ընդառաջ՝ Արարատ Միրզոյանը հայտարարությունը և պատասխանը լրագրողների հարցերին` ՀՀ ԱԳՆ կայքում։

Հարց- Դուք ասացիք, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման վերաբերյալ առաջին հանդիպումը նախատեսված է մայիսին: Մայիսի 16-ին, 17-ին, սակայն այս հանդիպումը չկայացավ։ Կարո՞ղ եմ հարցնել, թե ինչու:

Արարատ Միրզոյան-
Դուք ճիշտ եք, հանդիպումը չի կայացել, սակայն կարող եմ Ձեզ վստահեցնել, որ մենք կշարունակենք այս հանդիպումը կազմակերպելու շուրջ մեր քննարկումները։ Կան որոշ տեխնիկական մանրամասներ, որոնք կողմերը պետք է համաձայնեցնեն: Եվ հուսով եմ, որ առաջիկա օրերին կամ շաբաթներին հանդիպումը, ի վերջո, կկայանա:

Հարց- Խնդրում եմ պարզաբանել մի հարց. Երևանը ներկայացրել է Ադրբեջանի հետ խաղաղության իր տեսլականը՝ առաջարկելով քննարկել նաև Լեռնային Ղարաբաղում ապրող մարդկանց իրավունքներն ու անվտանգությունը։ Խոսելով Ադրբեջանի պատրաստակամության մասին՝ արդյո՞ք Բաքուն պատրաստ է այս առաջարկի հիման վրա բանակցություններ սկսել։

Արարատ Միրզոյան-Ինչպես և ասացիք, մենք հրապարակել ենք խաղաղ գործընթացի մեր տեսլականը։ Եվ մենք ի սկզբանե ասել ենք, որ Ադրբեջանի առաջարկած կետերում հայկական կողմի համար անընդունելի ոչինչ չկա, սակայն այդ կետերը չեն հասցեագրում հավանական և ակնկալվող խաղաղության պայմանագրի ողջ օրակարգը և առկա խնդիրների ամբողջական շրջանակը։ Եվ այս առումով մեզ համար կարևոր է քննարկել իրավունքների և անվտանգության հարցերը Լեռնային Ղարաբաղում, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը։ Մենք կարծում ենք, որ կարևոր է շարունակել խաղաղության պայմանագրի շուրջ այս բանակցությունները՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում և մանդատի համաձայն։ Մինչ այժմ մենք Ադրբեջանի կողմից այս կետերի վերաբերյալ դրական արձագանք չենք լսել։ Բայց դուք գիտեք, որ ջանքեր են գործադրվում այդ բանակցությունները հնարավոր դարձնելու համար։ Այնպես որ, ես կարող եմ միայն ընդգծել մեր պատրաստակամությունը և մեր հանձնառությունը՝ մեր տարածաշրջանում խաղաղություն և կայունություն ունենալու համար: Բայց դա ունենալու համար անհրաժեշտ է երկու կողմերի պատրաստակամությունը: