«Դիմադրություն» շարժումը վաղը ժամը 08.00-ին կվերսկսի անհնազանդության ակցիաները

Այս օրերին իշխանությունն ու իր սպասարկուները փորձում են ժողովրդին մոլորեցնել՝ ասելով, որ Ադրբեջանի հինգ առաջարկներին պատասխանել են վեց առաջարկերով։ Փորձում են ժողովրդին մոլորեցնել, թե պաշտպանում են Արցախի շահերը, սակայն իրականում կրկին պատրաստվում են ժողովրդի թիկունքում գնալ գործարքի, այս մասին Ֆրանսիայի հրապարակում «Դիմադրություն» շարժման հանրահավաքաի ժամանակ հայտարարեց ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը։

«Ժողովուրդ սուտ են ասում։ Մենք խնդիր ենք դրել, որն իրենք չեն լուծել, որ հստակ հայտարարեն, որ չեն պատկերացնում որևէ լուծում, որի դեպքում Արցախը կլինի Ադրբեջանի կազմում։ Եթե այս ձևակերպումից մեկ բառ ավել պակաս, ապա դա նիկոլություն է, ժողովրդին խաբել է, մենք ձեզ չենք հավատում ․․․ Այո, Արցախը երբեք չի կարող լինել Ադրբեջանի կազմում»,– ասաց նա։

Իշխան Սաղաթելյանը նշեց, որ վաղը պետք է շարունակեն անհնազանդության ակցիաները, քանի որ իշխանություններին հեռացնելու միակ ճանապարհը դա է։ Նա ասաց, որ վաղը առավոտյան ժամը 08.00 կրկին դուրս են գալու փողոց։

Նա նաև ասաց, որ այսօր այնքան շատ մարդ են բերման ենթարկել, որ մայրաքաղաքի ոստիկանական բաժանմունքներում տեղ չի եղել, և մարդկանց ստիպված տարել են մարզեր։

«Մենք պետք է հասնենք նրան, որ ո՛չ բաժիններում տեղ լինի, ո՛չ ոստիկանական ուժերը հերիքեն, ո՛չ էլ որևէ կերպ հնարավոր լինի կասեցնել»,– ասաց նա։