ԱՄՆ կոնգրեսը հավանություն է տվել Ուկրաինային ռեկորդային գումարի չափով օգնության փաթեթին

ԱՄՆ կոնգրեսի ներկայացուցիչների պալատը հավանություն է տվել Ուկրաինային աննախադեպ գումարի չափով օգնության լրացուցիչ փաթեթին, որը կազմում է գրեթե 40 միլիարդ դոլար՝ համաձայն քվեարկության արդյունքների: Գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Անցած շաբաթ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել էր Կիևին լրացուցիչ գումար տրամադրելու մասին։ Պետության ղեկավարը հիշեցրել է, որ Կոնգրեսի կողմից նման օգնության համար հատկացված միջոցները գործնականում սպառվել են, և օրենսդիրներին կոչ է արել «անհապաղ» հաստատել Ուկրաինային նոր՝ 33 միլիարդ դոլար տրամադրելու՝ իր վարչակազմի կողմից ուղարկված խնդրանքը։

Ընդ որում, ինչպես ավելի վաղ գրել էին ամերիկյան խոշոր լրատվամիջոցները, ներքին քննարկումներից հետո Կոնգրեսի առաջնորդները համաձայնության են եկել Ուկրաինային 39,8 միլիարդ դոլարի օգնություն հատկացնելու շուրջ, ինչը գրեթե յոթ միլիարդ ավելի է ԱՄՆ նախագահի պահանջից։ Տարբեր հրապարակումների համաձայն՝ ընդլայնված փաթեթը ներառում է հավելյալ 3,4 միլիարդ ռազմական և նույնքան էլ՝ մարդասիրական օգնություն։

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայի ապառազմականացման համար հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին։