Հակոբավանքն իր վանահայրն ունի

Արցախի պատմամշակութային գանձերից մեկը՝ Հակոբավանքը, վանական համալիր է, որը հիմնադրվել է 5-7–րդ դարերում։ Վանքի պատերի ներսում հայտնաբերվել է հայկական խաչքարի ամենահին պատվանդանը (853 թ.)։

«Քոլի տակ՝ գյուղ, քոլի գլխին՝ վանք». այսպես են բնութագրում այն տարածքը, որտեղ տեղակայված է հայկական հնագույն սրբավայրը։ Հակոբավանքը գտնվում է Մարտակերտի շրջանի, Քոլատակ գյուղից 1,5 կմ հյուսիս ընկած մի անտառոտ լեռնաբազուկի վրա:

Հակոբավանքը վերջին անգամ վերանորոգվել է 18-րդ դարում, իսկ 19–րդ դարի վերջից արդեն չի գործում։ Արցախի թեմից նշում են, որ վանական համալիրն այսօր թե՛ ֆիզիկական և թե՛ հոգևոր վերանորոգման կարիք ունի։ Այժմ աշխատանքներ են տարվում վանքի վերականգնման գործընթացը սկսելու համար։ Իսկ հոգևոր կյանքն աշխուժացնելու և վանքի «մարված ճրագը» վառելու համար մայիսի 9-ին Մարտակերտ քաղաքի Սբ. Հովհաննես Կարապետ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Հովհաննես քահանա Հովհաննիսյանը նշանակվեց Հակոբավանք վանական համալիրի վանահայր։

«Աստծո օրհնությամբ, նորանշանակ վանահոր ներկայությունը կծաղկեցնի հայության հնամյա սրբավայրը»,- նշում են թեմից։