Ոստիկանների քանակը ավելացնելու փոխարեն՝ բժշկի ներկայությունն ապահովեք, որ կյանքեր չկորցնենք

Այսօր ողբերգական դեպք տեղի ունեցավ Երևանի Ֆրանսիայի հրապարակում տեղակայված վրաններից մեկում․ պայքարի մասնակից տղամարդու ինքնազգացողությունը կտրուկ վատացավ, ու մինչև հնարավոր եղավ  տեղափոխել հիվանդանոց, ցավոք, նրա կյանքը փրկել չհաջողվեց․․․

ԵՊԲՀ աշխատակազմի  ղեկավար Շուշան Դանիելյանը կատարվածի առնչությամբ  Facebook-ի իր էջում գրեց․ «Քիչ առաջ Ֆրանսիայի հրապարակում տեղակայված վրաններից մեկից շտապ օգնության մեքենայով թիվ 1 համասարանական հիվանդանոց է տեղափոխվել անձը չպարզված քաղաքացի՝ սրտի կանգով։ Հիվանդանոցում անմիջապես իրականացվել են անհրաժեշտ բոլոր վերակենդանացման գործողությունները, սակայն, ցավոք, բուժաշխատողների բոլոր ջանքերը եղան ապարդյուն, և գրանցվեց կենսաբանական մահ»։

LIVEnews.am կայքի լրագրողը, որն այդ պահին Ֆրանսիայի հրապարակում իրականացնում էր իր մասնագիտական գործունեությունը՝ լուսաբանելով   «Դիմադրության» շարժման բողոքի ակցիան, հետևյալ իրավիճակի ականատեսն է եղել։  Երբ տեղեկատվություն տարածվեց, որ վրաններից մեկում անձը ուշաթափվել է ու կորցրել գիտակցությունը, պայքարի մասնակիցները շտապել են  առաջին հնարավոր օգնությունը ցույց տալ տղամարդուն։ LIVEnews.am-ի լրագրողն իր հերթին փորձել է օգնել ուշաթափվածին, միաժամանակ, զանգահարելով շտապօգնության  ծառայություն: Վերջինիս ուշ ժամանումը խիստ վրդովեցրել էր ներկաներին։ Մարդիկ բողոքում էին՝ տարածքում, որտեղ հազարավորներն են հավաքվում, տեղադրված չէ գեթ մեկ շտապօգնության մեքենա, չկա բժիշկ, ով կկարողանա նման դեպքերում  առաջին օգնություն ցույց տալ։ «Դիմնադրության» շարժման մասնակիցներն ասում էին․ «Իշխանությունը ոստիկանների քանակն է ավելացնում, բայց  չի բարեհաճում տարածքում մեկ շտապօգնության մեքենա կանգնեցնել»։

Ոմանք նկատում էին, եթե տղամարդուն ժամանակին  ցուցաբերվեր  բժշկական օգնություն,  գուցեև հնարավոր լիներ փրկել մեկ հայ մարդու կյանք․․․

Ի դեպ, մահացած տղամարդուն  ճանաչողները մեր լրագրողին ասել են, թե նա  ունեցել է սրտային հիվանդություն։

Մարդիկ մտահոգություն էին հայտնել այն առնչությամբ, որ իր տարբերություն նախորդ օրերի, շտապօգնության մեքենա այսօր չի եղել հրապարակի տարածքում։

Անհանգստացնող է եղել նաև ոստիկանների անտարբերությունը։ Ներկաների բարձրացրած աղմուկից հետո միայն ոստիկաններից մեկ-երկուսը  բարեհաճել են մոտենալ գիտակցությունը կորցրած տղամարդուն։ Ներկաներն ասում են՝ ողջ հրապարակը շուրջկալած ոստիկանական ուժերը, կարմիր ու սև բերետավորները իշխանության քիմքին ոչ հաճելի կոչեր լսելուն պես շտապում են մարդկանց  բերման ենթարկել՝ ձեռքերը ոլորելով, գետնին տապալելով,  մարմնական վնասվածքներ հասցնելով, սակայն  մարդկանց առողջության, անվտանգության պահպանման հարցերում նրանք խիստ անտարբեր են։

Շատերը,  պայքարի մասնակցի անժամանակ մահվան առիթով իրենց  ցավակցությունն են հայտնում  նրա ընտանիքի անդամներին,  հարազատներին, ու միաժամանակ իրենց ֆեյսբուքյան էջերում այսպիսի գրառումներ կատարում՝ «պայքարի մասնակից քաղաքացու սիրտը չդիմացավ․․․»։

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը  ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Այս սրիկաների համար մենք բոլորս ընդամենը զանգված ենք, և ոչ թե մարդկային կյանքեր»:

ԱԺ նախկին փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը նշել է․ «Այս մահը նահատակություն է՝ հանուն ազգային ու համերաշխ Հայաստանի»։

LIVEnews.am-ի աշխատակազմն իր ցավակցությունն  է հայտնում մահացածի հարազատներին, բարեկամներին, ընկերներին։