Ազգային պատկերասրահում վերաբացվում է քանդակագործ Հակոբ Գյուրջյանի ցուցասրահը

Հայաստանի ազգային պատկերասրահում վերաբացվում է անվանի քանդակագործ Հակոբ Գյուրջյանի ցուցասրահը՝ ամբողջովին արդիականցված, նոր գույներով և ծավալուն ցուցադրությամբ: Այս մասին տեղեկացել է Ազգային պատկերասրահը։

Պատկերասրահում Հակոբ Գյուրջյանի ցուցասրահը բացվել է 2008 թվականին: Քանդակագործի հավաքածուն շուրջ 500 աշխատանքներով ամբողջացել է 1958 թվականին՝ Գյուրջյանի կտակի համաձայն, նրա կնոջ՝ Տատյանա Առաքելյանի նվիրատվության շնորհիվ:

Հակոբ Գյուրջյանի ցուցասրահում ցուցադրվում են մարմարից, կրաքարից, բրոնզից և նույնիսկ ամենակարծր բելգիական գրանիտից կերտված տարբեր ժանրերի 50-ից ավելի ստեղծագործություններ` դիմաքանդակ, անիմալիստական քանդակ, պատմական, դիցաբանական և այլ երկեր:

Համադրող՝ արվեստաբան, Հայաստանի ազգային պատկերասրահի Քանդակի բաժնի վարիչ Մարիամ Դավթյան։

Ցուցասրահը բաց է մայիսի 6-ից՝ ամեն օր, բացի երկուշաբթի օրից։