Ուկրաինական պատվիրակությունը վարչապետի գլխավորությամբ կայցելի Վաշինգտոն. «Ռոյթերս»

Հաջորդ շաբաթ ԱՄՆ մայրաքաղաք կայցելեն Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալը, ֆինանսների նախարար Սերգեյ Մարչենկոն, Ուկրաինայի Ազգային բանկի ղեկավար Կիրիլ Շևչենկոն և մի շարք այլ ուկրաինացի պաշտոնյաներ։ Այս մասին հայտնել է «Ռոյթերս» գործակալությունը՝ վկայակոչելով իր աղբյուրներին։

Նրանց խոսքով՝ ԱՄՆ այցի ընթացքում ուկրաինական պատվիրակությունը պետք է երկկողմ հանդիպումներ ունենա G7 երկրների ֆինանսական գերատեսչությունների ներկայացուցիչների և այլ պետությունների հետ։ Բացի դրանից, ուկրաինացիների մասնակցությունը նախատեսված է Ուկրաինայի վերաբերյալ կլոր սեղանին, որը Համաշխարհային բանկի կողմից կանցկացվի ապրիլի 21-ին։ Ռուսական ռազմական հատուկ գործողության մեկնարկից ի վեր սա կլինի առաջին հանդիպումը Ուկրաինայի ֆինանսական գերատեսչությունների ներկայացուցիչների և նրանց արևմտյան գործընկերների միջև։ Բանակցությունների արդյունքների հիման վրա, ընդգծում է գործակալությունը, Արժույթի միջազգային հիմնադրամը կարող է փոփոխել համաշխարհային տնտեսական աճի իր կանխատեսումը։