Լրագրողը ՄԱԿ-ում պատմել է Վրաստանում և Ուկրաինայում ԱՄՆ կենսալաբորատորիաների մասին
Բուլղարացի լրագրող Դիլյանա Գայտանջիևան ՄԱԿ անվտանգության խորհրդի ոչ պաշտոնական հանդիպման ժամանակ ներկայացրել է իր հետաքննական ֆիլմը Վրաստանի Լուգարի կենսաբանական լաբորատորիաների վերաբերյալ, որն աշխատում է ԱՄՆ պաշտպանության նախարարության հետ համատեղ: Գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Գայտանջիևայի ֆիլմում նշվում էր, որ Լուգարի լաբորատորիան հարյուր մետր շառավղով նկարահանելն արգելված է։
Հաստատության մոտակայքում ապրող բնակիչները դժգոհում էին լաբորատորիայի օդի անբացատրելի արտանետումներից և երբեմն առանձնահատուկ հոտերից:
Լրագրողը հանդիսատեսին ցույց է տվել Ուկրաինայի քարտեզը, որի վրա նշված են ԱՄՆ-ի կողմից ֆինանսավորվող կենսաբանական լաբորատորիաները։ Գայտանջիևան ցույց է տվել նաև Կիևում ԱՄՆ դեսպանատան մի շարք փաստաթղթեր, որոնք նախկինում «արտահոսել էին»։ Այդ թվում հիշատակվում է համաձայնագիր, որը, ենթադրաբար, կնքվել է Պենտագոնի և Ուկրաինայի առողջապահության նախարարության միջև։ Լրագրողի խոսքով՝ պայմանավորվածության համաձայն՝ ուկրաինական կողմը պարտավորվել է ԱՄՆ փոխանցել իր տարածքում տեղակայված լաբորատորիաներում հայտնաբերված հարուցիչների նմուշները։
Գայտանջիևայի խոսքով՝ փաստաթղթերի համաձայն՝ Պենտագոնը՝ 4400 ուկրաինացի և 1000 վրացի զինծառայողների մասնակցությամբ կենսաբանական փորձեր է անցկացրել։ Այս փորձերի մասնակիցները կարող էին բախվել «առողջական չճշտված ռիսկերի»։
Լրագրողի խոսքով՝ իր ստացած փաստաթղթերը վկայում են այն մասին, որ Պենտագոնը պատրաստակամություն է հայտնել ձեռք բերել ՌՆԹ-ի և սինովիալ հյուսվածքների նմուշներ ռուս ներգաղթյալներից՝ կովկասյան ռասայի ներկայացուցիչներից։