Մեր պահանջն է հայրենիք վերադառնալը․ Արցախից տեղահանվածները բողոքի ակցիա և նստացույց են իրականացնում

Հանրապետության հրապարակում Արցախից տեղահանված քաղաքացիները բողոքի ակցիա և նստացույց են իրականացնում։

«Ստորագրահավաք ենք ձեռնարկել, որտեղ շուրջ 3000 ստորագրություն կա։ Մեր պահանջն է հայրենիք վերադառնալը»,- այսօր՝ ապրիլի 7-ին, լրագրողների հետ զրույցում ասաց «Հանուն Հադրութի» ՀԿ ղեկավար Լևոն Հայրյանը։

«Օբյեկտիվ դժվարությունների պատճառով, քանի որ հնարավոր է դա տարիներ ձգվի, մենք պետք է մտածենք նաև մեր օրվա ապրուստի մասին։ Հայրենիք վերադառնալու համար պետք է համայնքը պահպանենք, իսկ դրա համար էլ պետք է իրար գլխի հավաքված լինենք։

Եթե Արցախ չենք վերադառնում, մեզ համար Հայաստանում պետք է համայնք սարքեն, որպեսզի այնտեղ ապրենք։ Եթե մենք ցրվենք այնպես, ինչպես 90-ականներին գաղթած շահումյանցիներն են ցրվել, մեր հայրենիքն այլևս չենք վերցնելու: Արցախ վերադառնալը այսօր հնարավոր չէ, ինչպե՞ս են մեզ կոչ անում վերադառնալ Արցախ, երբ գյուղերը նորից տալիս են։ Մեր Արցախ չվերադառնալու այլընտրանքը ՌԴ-ն, Ֆրանսիան, Իտալիան է, երաշխիք չեն տալիս մեզ՝ Արցախ վերադառնալու»,- ասաց նա:

Հայրյանը նշեց, որ պետության կողմից արցախցիներին պաշտպանելու քաղաքականություն չի իրականացվում. «Բոլորը խոսքները մեկ արած դարձել են նոյեմբեի 9-ի փաստաթղթի սազանդարները։ Մեր պահանջները հետևյալն են՝ Արցախի վերադարձ, փախստականների կարգավիճակի հստակեցում։ Փախստականի կարգավիճակի հարցով դիմել ենք մի շարք դեսպանատներ, ԱԳՆ, մի շարք գերատեսչություններ: ԱԳՆ-ից գրավոր պատասխանել են, որ մեր հարցով չեն կարող զբաղվել, իսկ դեսպանատներից ստացել ենք 0 պատասխան։ Ինչ վերաբերում է կառավարությանը, ապա իրենք մի բան պետք է անեն՝ հրաժարական տան, որոհետև իրենք ազգին միայն վնաս են տալիս»,- նշեց բողոքի ակցիայի մասնակիցը:։

Նա հայտարարեց, որ ՄԱԿ-ի գրասենյակի առաջ նստացույց են անելու և հանդիպում պահանջելու, որպեսզի նրանց ևս ներկայացնեն իրենց խնդիրները։