Մակրոնը մտադիր է Միսաք Մանուշյանին վերահուղարկավորել Պանթեոնում. Europe 1
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մտադիր է Պանթեոնում վերահուղարկավորել հայ բանաստեղծ և դիմադրության շարժման մարտիկ Միսաք Մանուշյանի աճյունը, հայտնում է Europe1.fr-ն։
Աղբյուրի տեղեկություններով՝ հանրապետության նախագահը լրջորեն մտածում է այդ մասին։
«Մանուշյանի գործը նրա սեղանին է, թղթապանակների կույտի ամենավերևում»,- հաստատել է նախագահի մերձավոր խորհրդականը։
Նշվում է, որ Միսաք Մանուշյանի աճյունը Պանթեոն տեղափոխելու համար մոբիլիզացված կոմիտեին շատ շուտով կընդունեն Ելիսեյան պալատում։
1925-ին Ֆրանսիա ներգաղթած Միսաք Մանուշյանը երկրորդ աշխարհամարտի ժամանակ դարձել է «Ֆրանսիայի դիմադրության շարժման» առաջամարտիկ և պայքարել ֆաշիստների դեմ։
Մանուշյանի խումբը գնդակահարվել է 1944 թվականի փետրվարի 21-ին Մոն Վալերիենում։ Այդ օրը Միսաքը վերջին նամակն է գրել կնոջը. «Վստահ եմ, որ ֆրանսիացի ժողովուրդը և Ազատության բոլոր մարտիկները կկարողանան արժանապատվորեն հարգել մեր հիշատակը»։