Ոչխարաբուծությունը ՀՀ-ում ապահովում է գյուղատնտեսական համախառն արտադրանքի մոտ 15 տոկոսը. համաժողով Երևանում

Այսօր ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը (ՄԱԶԾ) կազմակերպել էր «Ոչխարաբուծության եվրոպական փորձը և դրա կիրառումը Հայաստանում» թեմայով համաժողով: Միջոցառումը կազմակերպվել էր «ԵՄ Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնություն Հայաստանում» (ԵՄ-ԿԳՆՀ) ծրագրի շրջանակում, որը ֆինանսավորվում է Եվրոպական միության, և համաֆինանսավորվում՝ Ավստրիական զարգացման համագործակցության կողմից։ Ծրագիրը համատեղ իրականացնում են Ավստրիական զարգացման գործակալությունը և ՄԱԶԾ hայաստանյան գրասենյակը։

Համաժողովի հիմնական նպատակն էր ոլորտ նոր գիտելիք բերելը՝ հիմնվելով Եվրոպայում և աշխարհի այլ մասերում արված բացահայտումների և ընդունված առաջադեմ փորձի վրա: Միջոցառման ընթացքում անդրադարձ եղավ նաև ոլորտում առկա խոչընդոտներին և բարելավման հնարավորություններին:

Համաժողովի մասնակիցներին, որոնց թվում էին հիմնական շահագրգիռ կողմերի ներկայացուցիչներ, ոչխարաբուծության ոլորտի շահառուներ, ֆերմերներ և լրագրողներ, ողջունեցին ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը, Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցչի տեղակալ Կոնստանտին Սոկուլսկին, Հայաստանում ԵՄ պատվիրակության միջազգային օգնության / համագործակցության գծով պատասխանատու Անդրեա Բաջջիոլին, Ավստրիական զարգացման գործակալության գրասենյակի ղեկավար Կլաուս Կապպերը և ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Նարեկ Հայրապետյանը։

«Ոչխարաբուծությունը Հայաստանում անասնապահության կարևորագույն ճյուղերից է, որն ապահովում է գյուղատնտեսական համախառն արտադրանքի մոտ 15 տոկոսը։ Այս համաժողովը հրաշալի հնարավորություն է ընձեռում վերհանել ոլորտում առկա խոշոր խոչընդոտները և առաջադրել նոր գաղափարներ ու լուծումներ, որոնք կնպաստեն Հայաստանում ոչխարաբուծության կայուն աճին», – նշեց Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցչի տեղակալ Կոնստանտին Սոկուլսկին:

«Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով (CEPA) ստանձնած պարտավորությունները նախատեսում են համագործակցություն շրջակա միջավայրի պահպանման, պաշտպանության, բարելավման և վերականգնման, ինչպես նաև բնական ռեսուրսների կայուն եղանակով օգտագործման ուղղությամբ: Սննդի և պարենային անվտանգությունը կայանում է նրանում, որ բոլորը կարողանան օգտվել բավարար, մատչելի և սննդարար սնունդից: Այսօրվա միջոցառումը վերաբերում է ոչխարաբուծության արժեշղթային։ ԵՄ «Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնությունը Հայաստանում» ծրագիրն ընդլայնում է տեղական ավելացված արժեքը, արդիականացնում է պաշտոնական վերահսկողությունը կարգավորող իրավական դաշտը, երաշխավորում է կենդանիների առողջությունը և ապահովում է ավելի անվտանգ սննդի շղթա: Իրականում կահույքի, ոչխարների, պիտակավորման ծառայությունների, սարքավորումների տրամադրումը (EU-GAIA ներդրումը՝ 43,685 եվրո) հնարավորություն է տալիս «Մաքի» ոչխարաբուծական գենետիկական կենտրոնին պահպանել ներկրված ոչխարների բարձր արդյունավետ ցեղատեսակների տոհմային որակները և կարող է առաջարկել անասնաբուժական, ախտորոշիչ և արհեստական բեղմնավորման ծառայություններ։ Այսպիսով, ԵՄ-ի և Հայաստանի համագործակցությունը ավելի լավ է հայտնաբերում և վերահսկում կենդանիների հիվանդությունները և ավելի համակարգված կերպով է անդրադառնում առողջության, սննդի և կերերի անվտանգության ռիսկերին», – նշեց ՀՀ-ում ԵՄ պատվիրակության միջազգային աջակցության և համագործակցության պատասխանատու Անդրեա Բաջջիոլին:

ԵՄ-ԿԳՆՀ ծրագիրը Հայաստանին օգնում է գտնել իր տեղն այս բացառիկ շուկայում։ Մսատու ցեղատեսակների շուրջ կենտրոնացած ոչխարաբուծությունն երկրի համար ևս մեկ հնարավորություն է ընդլայնելու արտահանման շուկաները, հասնելու պարենային ապահովության և ավելացնելու բարձր սննդարարություն ունեցող և առողջ մսի տեղական սպառումը: Գառների աճեցումը, որի առանցքում կլինեն կանաչ և կենսակայուն տեխնոլոգիաները, որոնք պահպանում են տեղական արոտավայրերը և շրջակա միջավայրը՝ բարձր մսատվություն ապահովող ցեղատեսակների բուծմամբ, առանցքային նշանակություն ունի այս ոլորտի հաջողության համար:

Մի շարք գործողություններ արդեն իսկ իրականացվել են ԵՄ-ԿԳՆՀ ծրագրի շրջանակում՝ աջակցելու ոչխարաբուծության արժեշղթայի ձևավորմանը Հայաստանում: Մասնավորապես, Հայաստան են առաքվել ոչխարի ավելի քան 400 գլուխ բարձր մսատվություն ապահովող ցեղատեսակներ և բաժանվել ծրագրի շահառու ֆերմերների շրջանում: Շիրակի մարզում գործունեություն ծավալող բրդի վերամշակման և ոչխարի կաշվի արտադրությունները ստացել են օժանդակություն նոր սարքավորումների տեսքով՝ ուղղված արտադրական շղթայի բացերի վերացմանը։ Բացի այդ, ոչխարաբույծ ֆերմերների համար կազմակերպվել են վերապատրաստման մի շարք դասընթացներ, ներառյալ գործնական դաշտային ցուցադրություններ: Վերջերս Շիրակի մարզի Ազատան համայնքում հիմնադրվեց տոհմային ոչխարաբուծության «Մաքի» գենետիկական կենտրոնը, որը կպահպանի ոչխարի ներմուծված բարձրարդյունավետ ցեղատեսակների տոհմային հատկությունները և կառաջարկի անասնաբուժական, ախտորոշիչ և արհեստական սերմնավորման ծառայություններ: