Գազատարի հետ կապված արկածախնդրությունն ուղղված է Արցախում էթնիկ զտումների քաղաքականությունն ավարտին հասցնելուն. Վլադիմիր Վարդանյան

Գազատարի հետ կապված նման արկածախնդրությունն ուղղված է Արցախում էթնիկ զտումների քաղաքականությունն ավարտին հասցնելուն։ ԱԺ ճեպազրույցների ժամանակ հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի կողմից Արցախում միտումնավոր գազամատակարարումը դադարեցնելուն.

«Արցախում մենք տարածքային խնդիրներ չենք լուծում, Արցախում խոսքը գնում է ժողովուրդների իրավունքների մասին։ Այն վարվելակերպը և գործիքակազմը, որն այսօր օգտագործում է Ադրբեջանը, ավելի է ամրապնդում մեր դիրքերը, մասնավորապես, ՄԱԿ-ի միջազգային դատարանում՝ կապված Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման կոնվենցիայի լուրջ խախտումների հետ, և ըստ էության առավել տեսանելի է դարձնում այն, որ Արցախում խնդիրը կրում է էքզիստենցիալ բնույթ»,- ասաց Վլադիմիր Վարդանյանը։

Հարցին, թե ինչու են ռուս խաղաղապահները բանակցում Ադրբեջանի հետ՝ Արցախում գազամատակարարման վերականգման հարցով, իսկ Հայաստանը չի մասնակցում դրան, ՔՊ-ական պատգամավորը պարզաբանեց.

«Խաղաղապահների առկայությունը և որոշ դերակատարությունը մենք չպետք է անտեսենք, դա չափազանց կարևոր է։ Այս օրերին թե՛ Հայաստանի կառավարությունը, թե՛ խորհրդարանական դիվանագիտությունը, թե՛ համապատասխան կառույցները բոլոր ջանքերը ներդրել են միջազգային գործընկերներին տվյալ իրավիճակի մասին տեղյակ պահելու և խնդիր հնարավորինս արագ լուծելու համար»,-ասաց Վարդանյանը: