Պետքարտուղարությունը 3,5 մլն դոլարի դրամաշնորհի մրցույթ է հայտարարել՝ նաև Հայաստանի ԶԼՄ-ների համար

ԱՄՆ պետքարտուղարությունը չորեքշաբթի հայտարարեց 3,496,295 ԱՄՆ դոլարի դրամաշնորհի մասին՝ «Եվրոպայում և Եվրասիայում տարածաշրջանային լրատվամիջոցներն ուժեղացնելու համար»։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ համապատասխան գրավոր հայտարարությունը տարածել է ԱՄՆ արտաքին գերատեսչության մամուլի ծառայությունը։

«Ամբողջ Եվրոպայում և Եվրասիայում անկախ լրատվամիջոցները մշտական ճնշման են ենթարկվում տարբեր ներքին և արտաքին ուժերի կողմից, որոնք ձգտում են մանիպուլյացիայի ենթարկել և/կամ վերահսկել տեղեկատվական պատկերն իրենց շահերի համար: Անկախ լրատվամիջոցները հաճախ պայքարում են, մեկուսացված լինելով մյուսներից, և բախվում են նմանատիպ մարտահրավերների, ինչպես այդ երկրի ներսում, այնպես էլ նրա սահմաններից դուրս»,-ասվում է հայտարարության մեջ:  Ըստ Պետքարտուղարության՝ ԶԼՄ-ների վրա ճնշումը կարող է սահմանափակել անկախ մամուլի հնարավորությունը՝ ճշգրիտ տեղեկատվություն տրամադրելու հարցում:

Փաստաթղթում ասվում է, որ լիարժեք ըմբռնելով Ուկրաինայում տիրող իրավիճակը, ծրագրի նպատակն է «աջակցել տարածաշրջանում անկախ լրատվամիջոցների սեկտորին, որը դիմակայում է հզոր կուսակցությունների շահերին, որոնք ձգտում են մանիպուլյացիայի ենթարկել, մեկուսացնել կամ վերահսկել մամուլը:

Հատկացված միջոցները կուղղվեն միջազգային կոնտենտի արտադրության որակի բարելավմանը և տարածաշրջանային առաջնահերթություններին ազգային հաղորդագրությունների համատեքստայնացմանը, ինչպես նաև թիրախային երկրներում լրատվամիջոցների և լսարանների միջև հաղորդակցության մակարդակի բարձրացմանը, կոնտենտի պատրաստմանը և տարածմանը բարձր որակի և արժանահավատ հարթակներում, որոնք անդրադառնում են տեղի հանրության համար կարևոր խնդիրներին և հակազդում են ապատեղեկատվությանը:

Պետքարտուղարության մատնանշմամբ՝ աջակցությունը կարող է նաև ներառել  նոր և/կամ կատարելագործված առցանց և շարժական հարթակների զարգացումը, որոնք առաջարկում են մեդիա հարուստ գործառույթներ, որոնք ուժեղացնում են ինտերակտիվությունը և կապը լսարանի հետ՝ տեղական մակարդակում և տարբեր երկրներում: Այս ծրագրի արդյունքում, ըստ Պետքարտուղարության, տարածաշրջանային լրատվամիջոցները պետք է դառնան տեղեկատվության վստահելի աղբյուր, ամուր կապեր հաստատեն այն հանրության հետ, որոնց ծառայում են, մեծացնեն իրենց մասնաբաժինը գաղափարների շուկայում և ամրապնդեն միջազգային համագործակցությունը և բարձրորակ բովանդակության փոխանակումը տարածաշրջանի անկախ լրատվամիջոցների շրջանում։

Դրամաշնորհ ստանալու իրավունք ունեցող երկրների թվում են Բելառուսը, Բուլղարիան, Հունգարիան, Մոլդովան, Լեհաստանը, Ռումինիան, Սերբիան, Սլովենիան, Ուկրաինան և Հարավային Կովկասի տարածաշրջանը: Միևնույն ժամանակ, առաջարկները պետք է ներառեն Եվրոպայի և Եվրասիայի մի քանի տարածաշրջաններ ընդգրկող առնվազն հինգ երկիր, իսկ դրամաշնորհից 1,2 միլիոն դոլար պետք է հատկացվի Կենտրոնական Եվրոպայի երկրներում (Բուլղարիա, Հունգարիա, Լեհաստան, Ռումինիա և Սլովենիա) աշխատելու համար: Դրամաշնորհային ծրագրի իրականացման ժամկետը չպետք է պակաս լինի 24 ամսից։