Ադրբեջանն ընդլայնել է Արցախի նկատմամբ ճշումների իր զինանոցը․ Տիգրան Աբրահամյան

«Արցախում ստեղծված իրավիճակն առաջին հերթին բնութագրվում է որպես հումանիտար աղետ։ Աղետ է նաև անվտանգության տեսանկյունից»,- խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

Նա նշեց, թեև ռուսական կողմի միջնորդությամբ բանակցություններ են ընթանում գազատարի վերականգնման ու գազի մատակարարման ուղղությամբ, ցավալիորեն, բանակցությունների այս փուլը  դեռևս որևէ երաշխիք չի տալիս, որ  սրան հաջորդած ժամանակահատվածներում Արցախում չեն լինի ճգնաժամային նոր իրավիճակներ։
«Ադրբեջանն ընդլայնել է Արցախի նկատմամբ ճշումների իր զինանոցը և  երկարաժամկետ կտրվածքով այս պահին որևէ լուծում դեռևս տեսանելի չէ»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը։

Տ. Աբրահամյանն անդրադառնալով իրավիճակը մեղմելու, իրավիճակից դուրս գալու Հայաստանի կառավարության ծրագրերին, ասաց, որ հետպատերազմյան ժամանակահատվածում Հայաստանը Արցախին տրամադրվող միջպետական վարկին զուգահեռ նաև որոշակի ծրագրեր է  իրականացրել։
«Կառավարությունը պետք է ունենա համալիր ծրագրեր  նաև անվտանգության բաղադրիչը հաշվի առնելով, որովհետև այդ հարցերի կուտակումը, չլուծումը կարող է բերել  երկու խոշոր հետևանքների՝ կամ Արցախի մեծ  ծավալի հայաթափմանը, երկրորդ՝ բերել նոր պատերազմի»,- ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

Տ. Աբրահամյանը նշեց, որ Արցախում ստեղծված իրավիճակի հետ կապված ամբողջությամբ, ամեն ինչ չեն կարող բարդել ռուսական կողմի վրա հենց միայն մեկ պատճառով, որ ցանկացած պարագայում Հայաստանը, հայ ժողովուրդն ունի առաքելություն ապահովելու իր հայրենակիցների  անվտանգությունը ցանկացած հատվածում։
«Ռուսական խաղաղապահ զորքերն Արցախում անվտանգությունն ապահովելու առաքելություն ունեն։  Ռուսական կողմն այս 1,5 տարում Արցախում իրավիճակի կայունության և  անվտանգության ապահովման ուղղությամբ մեծ ծավալի աշխատանք իրականացրել է, բայց դա չի նշանակում, որ Հայաստանը պետք է հետ քաշվի իրավիճակից, ամբողջությամբ պատասխանավությունը  բարդի ռուսական կողմի վրա։ Հայաստանն ունի պարտավորություն Արցախի անվտանգության ապահովման  և Արցախի բնականոն զարգացումն ապահովելու համար։ Այլ բան է, որ այս  իշխանության մոտեցումները, Հայաստանի գլխավոր առաքելությունն այս պահին խիստ տարբերվում են»,-ասաց պատգամավորը։