Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ՝ ամփոփ. «Հենակետ»

«Հենակետ» վերլուծական կենտրոնը ամփոփել է Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ կարևոր իրադարձությունները:

Բանակցային գործընթաց

  • Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Ալեքսեյ Արեստովիչը հայտարարել է, որ բանակցությունների երկրորդ փուլը պետք է կայանար այսօր։ Պատվիրակությունները կլինեն նույն կազմերով։ Իսկ ուկրիանական պատվիրակության անդամ Դավիթ Արախամիան հայտարարել է, որ բակացությունները տեղի կունենան այսօր գիշեր։
  • Երևանի ժամանակով ժամը 20։30-ի դրությամբ ռուսական պատվիրակությունը ժամանել է Բելառուսի Բելովեժյան պուրակ։ Սպասում են ուկրաինացի ներկայացուցիչների ժամանմանը։
  • Ուկրաինայի ներկայացուցիչները բանակցությունների վայր կժամանեն վաղն առավոտյան։ Այս մասին հայտնել է ռուսական պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկին: Նրանք արդեն դուրս են եկել Կիևից և գտնվում են ճանապարհին։ Ռուս բանակցողները, որոնք արդեն տեղում են, ըմբռնումով են մոտենում գործընկերների լոգիստիկայի դժվարություններին։ «Վաղը քննարկվելու է նաև հրադադարի հարցը։ Ռուսաստանը մի շարք ուղղություններով փոխըմբռնում է գտել Կիևի հետ»,- հայտարարել է Մեդինսկին։

Ներքաղաքական իրադրություն

  • Ուկրաինայի սահմանապահ ծառայությունը հայտնում է, որ ավելի քան 500 հազար ուկրաինացիներ Ուկրաինայի տարածքից անցել են Լեհաստան ՌԴ ԶՈւ ռազմական գործողության սկսվելուց ի վեր:
  • Վլադիմիր Զելենսկին իր հրամանագրով փոխել է Չերկասի և Օդեսայի մարզերի ղեկավարին:
  • Խերսոնի քաղաքապետը «կանաչ միջանցք» տրամադրելու կոչ է արել։
  • Դոնբասի 132 հազար բնակիչներ տարհանվել են Ռուսաստանի տարածք։
  • Ուկրաինայի Ռադան օրակարգ է ընդունել օրինագիծ պետական դավաճանության և դիվերսիայի համար պատիժը խստացնելու մասին, ըստ որի նախատեսվում է ցմահ ազատազրկում։
  • Ժամը 22։00-ին օդային տագնապի ազդանշաններ են միացել Ուկրաինայի գրեթե բոլոր քաղաքներում։

Արտաքին քաղաքական իրադրություն

  • ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ԱՄՆ-ը զինվորականներ չի ուղարկի Ուկրաինա Ռուսաստանի հետ պատերազմի համար, լրացուցիչ 1 մլրդ դոլար կհատկացնի Կիևին որպես աջակցություն և կշարունակեն ամրապնդել ՆԱՏՕ-ի արևելյան թևը։
  • Boeing և Airbus կոնցեռները դադարեցրել են ռուսական ավիաընկերությունների և նրանց ինքնաթիռների պարկի սպասարկումը։
  • ԱՄՆ-ը նույնպես փակում է իր օդային տարածքը ռուսական ինքնաթիռների համար։
  • Ամերիկյան էներգետիկները Վաշինգտոնին կոչ են արել ուրանի մատակարար ռուսներին հանել պատժամիջոցների փաթեթից՝ ԱՄՆ-ում գների աճ թույլ չտալու համար։
  • Ռուսաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանը չի բացառել Լոնդոնի և Մոսկվայի միջև դիվանագիտական հարաբերությունների խզման հնարավորությունը: Իսկ «Ռոսկոսմոս» ընկերությունը հայտարարել է, որ Բրիտանիայի կառավարությունը պետք է դուրս գա «One Web» ընկերության բաժնետերերի կազմից՝ մարտի 5-ին արբանյակներ արձակելուն ընդառաջ: Ոչ մի արբանյակ չի արձակվի ուղեծիր, եթե դրա խաղաղ օգտագործման երաշխիքներ չտրվեն։
  • Թուրքիայի ԱԳՆ-ն հայտարարել է, որ փետրվարի 27-28-ին թույլ չի տվել ռուսական երեք ռազմանավերի մուտքը Սև ծով։
  • Տեղի է ունեցել ՌԴ նախագահի և Իսրայելի վարչապետի միջև հեռախոսազրույց, որի ժամանակ Վլադիմիր Պուտինը Բեննեթին է ներկայացրել Ուկրաինայում ռազմական գործողությունների ընթացքը։
  • Վրաստանի իշխող կուսակցությունը հայտարարել է, որ Վրաստանը վաղը Եվրամիությանն անդամակցելու հայտ կներկայացնի։
  • «Միավորվելով հանուն խաղաղության» նիստում ՄԱԿ Գլխավոր ասամբլեան բանաձև է ընդունել՝ պահանջելով Ռուսաստանի Դաշնությունից անհապաղ դադարեցնել ուժի կիրառումը Ուկրաինայի դեմ և դուրս բերել իր ռազմական ուժերը։

Ռազմական իրադրություն

  • Հարվածի են ենթարկվել Ուկրաինայի ՊՆ հետախուզության գլխավոր վարչության հատուկ նշանակության ստորաբաժանումների պատրաստության բազաներից մեկը, հրթիռակոծության հետևանքով ոչնչացվել է Կոնստանտինովկայում գտնվող զորամասը, ուժգին հրթիռային հարվածների է ենթարկվել Խարկով քաղաքը, հրթիռային հարված է հասցվել Խարկովի ազգային համալսարանի շենքին, իսկ զինվորական հոսպիտալի շենքի համար թեժ մարտեր են ընթացել, հրթիռային հարված է հասցվել Խարկովի տանկային գործարանին և Ոստիկանական շենքին։ Խերսոնում և Մարիուպոլ քաղաքում նույնպես մարտերը շարունակվել են, նշվում է, որ գիշերը ՌԴ զինուժը գրոհել է ողջ քաղաքի տարբեր ուղղություններով։ Բասուրինը հայտարարել է, որ ողջ Մարիուպոլը շրջափակված է, իսկ քաղաքապետը օգնությամբ դիմել է Ուկրաինայի զինուժին։ Նիկոլաևի քաղաքապետը հայտնել է ռուսական դեսանտի քաղաքում հայտնվելու մասին։ Հրթիռային հարված է հասցվել նաև Լիսիչանսկի հեռուստաաշտարակին, ինչպես նաև Օդեսայի օդանավակայանին։ ՌԴ ԶՈւ ստորաբաժանումները մտել են Զապարոժյեի մարզի Վասիլևկա քաղաք։
  • Ուկրաինական ԱԹՍ-ների օգնությամբ հարվածներ են հասցվել ռուսական ռազմական շարասյուններին։
  • Ուկրաինայի ՊՆախարար Ալեքսեյ Ռեզնիկովը հայտարարել է, որ երկիրը ստացել է Bayraktar TB2 հարվածային ԱԹՍ-ների նոր խմբաքանակ, որոնք արդեն պատրաստ են մարտական գործողության համար։
  • Իսպանիան Ուկրաինային հարձակողական սպառազինություն կտրամադրի։ Իսկ Դանիան Ուկրաինային է տրամադրել 2700 միավոր M72 հակատանկքային նռնակներ։ Միևնույն ժամանակ Հունգարիան հայտարարել է, որ Ուկրաինա զորք չի ուղարկի, ինչպես նաև չի տրամադրի սպառազինություն։
  • Ուկրաինայի ՊՆ-ն հայտնում է, որ Սև ծովի ջրատարածքում ՌԴ ԶՈՒ ստորաբաժանումների տեղակայում է գրանցվել Օդեսայի ուղղությամբ դեսանտային գործողության անցկացման նախապատրաստման շրջանակներում:
  • Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան հայտարարել է, որ այսօրվա դրությամբ Ուկրաինային զենք է մատակարարում 19 երկիր: 16 երկրներից ավելի քան 1000 վարձկաններ արդեն ժամանել են երկիր՝ Կիևի կողմից մարտական գործողություններին մասնակցելու համար։
  • ՌԴ ՊՆ-ն հայտարարել է, որ ռուսական զինված ուժերն իրենց վերահսկողության տակ են վերցրել Պոպովո, Նովգորոդկա, Նովոմիխայլովկա, Լյուբիմովկա բնակավայրերը։ ԴԺՀ զորքերի խմբավորումը փակել է Մարիուպոլ քաղաքի շուրջ շրջափակման օղակը։ Ուկրաինացի ազգայնականների և զինծառայողների շրջանում կորուստները կազմում են ավելի քան 270 զոհ և մոտ 3 700 վիրավոր, գերիների թիվը կազմում է 572 մարդ։ Ռազմական գործողության ընթացքում խոցվել է ուկրաինաական ռազմական 1533 օբյեկտ։ 39 միավոր ԶՀՀ-ներ՝ Ս300, Բուկ Մ-1 և Օսա, 52 միավոր ռադիոլոկացիոն կայաններ: Բացի այդ, ոչնչացվել են 47 միավոր ինքնաթիռներ ցամաքում 13 միավոր ինքնաթիռներ օդում, 484 միավոր տանկ և այլ մարտական զրահամեքենա, 63 միավոր համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր, 217 միավոր հրետանային միջոցներ և ականանետեր, 336 միավոր հատուկ ռազմական ավտոմոբիլային տեխնիկա, 47 միավոր ԱԹՍ-ներ:
  • ՌԴ պաշտպանական գերատեսչությունը հայտնել է նաև ռուսական կողմի կորուստների մասին, ըստ որի կա 498 զոհ, 1597 վիրավոր։
  • Խարկովում Ուկրաինայի իշխանությունները բռնի ուժով պահում են հնդիկ ուսանողների մեծ խմբի, որոնք ցանկանում են լքել Ուկրաինական տարածքը և մեկնել Բելգորոդ, սակայն նրանց առաջարկվում է լքել ուկրաինայի տարածքը ուկրաինա-լեհական սահմանով։ Զինված ուժերը պատրաստ են ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները Հնդկաստանի քաղաքացիների անվտանգ տարհանման համար: Այդ կապակցությամբ հեռախոսազրույց է տեղի ունեցել ՌԴ նախագահի և Հնդկաստանի վարչապետի միջև։

Միջազգային մամուլ

  • Գերմանական «Bild» պարբերականը հայտնում է, որ Գերմանիան Ուկրաինային է փոխանցել 500 միավոր Stinger և 1000 միավոր Panzerfaust 1000 հակատանկային նռնականետեր։
  • Լեհական «Gazeta Wyborcza» պարբերականը գրել է՝ «Հյուսիսային հոսք-2»-ը սնանկացման ճանապարհին է, սակայն նախագծի մահվան մասին խոսելը վաղ է։
  • Գերմանական «Die Welt» պարբերականը «Տնտեսող Վլադիմիր Պուտինը»խորագիրը կրող հոդվածում գրել է. «Նավթի գների աճի արդյունքում Ռուսաստանը կարող է մինչև տարեվերջ լրացուցիչ եկամուտներ ստանալ, որը կարող է հասնել մինչև 80 մլրդ դոլարի, իսկ Ռուսաստանի պահուստները կազմում են 643 մլրդ դոլար: Դա նշանակում է, որ Ուկրաինայում ռազմական գործողությունը հնարավոր չի լինի կանգնեցնել տնտեսական պատժամիջոցներով»։
  • Թուրքական «dikGAZETE» պարպերականը «Ավարտվել է «խուլ երկրների» դարաշրջանը» վերնագված նյութով անդրադարձել է Ռուսաստանի դեմ սահմանած պատժամիջոցներին Չինաստանի մերժմանը գրել է. «ԱՄՆ-ն և նրա դաշնակիցները հրաժարվում են լսել այլ պետություններին և փոխզիջում փնտրել։ Վաշինգտոնն ամեն անգամ ակնհայտորեն մեծամտորեն անտեսում է բանակցությունների կոչերը։ Արդյունքում այս օրերին բոլորս գիտակցում ենք, որ ապրում ենք նոր իրականության և միջազգային հարաբերությունների նոր դարաշրջանում»։
  • Արգենտինական «La Nación» պարբերականը «Նիկոլաս Մադուրոն զանգելով Վլադիմիր Պուտինին խորացնում է Ռուսաստանի հետ «ռազմավարական գործընկերությունը» վերնագրով հոդվածում գրում է, որ Մադուրոն ամուր աջակցություն է հայտնել Ռուսաստանի վճռական գործողություններին։
  • Իտալական «La Repubblica» պարբերականը գրել է, որ Միլանի Բիկոկայի համալսարանը չեղարկել է Դոստոևսկու մասին դասախոսությունը Ուկրաինայում ռուսական գործողության կապակցությամբ։ Դասախոսությունն անցկացնող, գրող Պաոլո Նորին նշել է, որ շատ է ապշած այդ որոշումից և հեգնել՝ «Իտալիայում արգելվում է ռուս լինել, նույնիսկ եթե դու մահացել ես»։
  • Խորվաթական «Advance» պարբերականը գրել է, որ Ուկրաինայի աջակցությունը վերածվել է էյֆորիայի, քանի որ Արևմուտքը, որը համախմբված է ինչպես երբեք, զգում է, որ Ռուսաստանը պարտության եզրին է։