Ուկրաինայից փախստականների թիվը հասել է 1 միլիոնի. ՄԱԿ

Ուկրաինայից վերջին յոթ օրվա ընթացքում հարևան երկրներ են մեկնել 1 միլիոն մարդ։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատար Ֆիլիպո Գրանդին։

«Ընդամենը յոթ օրվա ընթացքում մենք ականատես եղանք Ուկրաինայից մեկ միլիոն փախստականների արտագաղթին դեպի հարևան երկրներ»,- գրել է Գրանդին «Թվիթերի» իր միկրոբլոգում։

Փետրվարի 24-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության մասին՝ ի պատասխան Դոնբասի հանրապետությունների ղեկավարների օգնության դիմումի։ Նա ընդգծել էր, որ Մոսկվայի ծրագրերը չեն ներառում ուկրաինական տարածքների օկուպացումը, նպատակը երկրի ապառազմականացումն ու ապաազգայնացումն է։