ՄԱԿ ԳԱ-ն Ռուսաստանին դատապարտող բանաձև է ընդունել. Հայաստանը ձեռնպահ է մնացել

ՄԱԿ Գլխավոր ասամբլեան ճնշող մեծամասնությամբ կողմ է քվեարկել Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումը դատապարտող բանաձևին և ռուսական զորքերն անհապաղ դուրս բերելու կոչ է արել:

ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի արտակարգ նիստում 193 անդամ երկրներից 141-ը կողմ է քվեարկել բանաձևին, 35-ը ձեռնպահ է մնացել, 5-ը դեմ է քվեարկել։

Դեմ են քվեարկել Բելառուսը, ԿԺԴՀ-ն, Էրիթրեան, Ռուսաստանը և Սիրիան։ Ձեռնպահ քվեարկողների թվում են Չինաստանը, Իրանը, Ղազախստանը, Հայաստանը, Պակիստանը, Իրանը, Իրաքը, Կուբան, Ղրղըզստանը, Վիետնամը, Հարավաֆրիկյան Հանրապետությունը, Նիկարագուան, Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետությունը, Հնդկաստանը։

Թուրքիան կողմ է քվեարկել։

Բանաձևում, որի համահեղինակները 94 երկրներ են, ասվում է, որ ՄԱԿ-ը «ամենավճռական կերպով դատապարտում է Ռուսաստանի Դաշնության ագրեսիան Ուկրաինայի դեմ»։ Այն պահանջում է, որ «Ռուսաստանի Դաշնությունը անհապաղ դադարեցնի ուժի կիրառումը Ուկրաինայի դեմ» և «անհապաղ, ամբողջությամբ և անվերապահորեն դուրս բերի իր բոլոր զինված ուժերը»։

Բանաձևը պարտադիր իրավաբանական ուժ չունի, սակայն ՄԱԿ-ի անդամների տեսակետների արտահայտությունն է՝ ուղղված Մոսկվայի և նրա դաշնակից Բելառուսի վրա ճնշումը մեծացնելուն։

Քվեարկությունից հետո ՄԱԿ-ում Չինաստանի մշտական ներկայացուցիչ Չժան Ցզյունը հայտարարել է, որ բանաձևը հաշվի չի առնում իրավիճակի պատմությունն ու բարդությունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Ցավոք, այս արտահերթ նստաշրջանում քվեարկության դրված բանաձեւի նախագիծը չներկայացվեց բոլոր անդամ երկրների հետ խորհրդակցությունների համար։ Այն նաեւ հաշվի չի առնում ներկայիս ճգնաժամի պատմությունն ու բարդությունը»,- քվեարկությունից հետո ասել է մշտական ներկայացուցիչը։ Բացի այդ, դիվանագիտական առաքելության ղեկավարը նշել է, որ փաստաթուղթը հաշվի չի առնում «անվտանգության անբաժանելիության սկզբունքը կամ քաղաքական լուծմանը նպաստելու անհրաժեշտությունը»։ «Այս ամենը հակասում է մեր հետեւողական դիրքորոշմանը, ուստի մենք այլ ելք չունեինք, քան ձեռնպահ մնալը»,- եզրափակել է նա։